fbpx
Կրթություն

Արևիկ Անափիոսյանը ընդունել է Բրիտանական խորհրդի կրթության հարցերով տարածաշրջանային տնօրենին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Բրիտանական խորհրդի կրթության հարցերով տարածաշրջանային տնօրեն Ռիչարդ Էվերիտին: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում Բրիտանական խորհրդի հետ համատեղ իրականացված ծրագրերն ու համագործակցության զարգացման առաջիկա քայլերը:

Կարևորելով ԿԳՄՍ նախարարության և Բրիտանական խորհրդի շարունակական համագործակցությունը` նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն անդրադարձել է 2019 թվականի հունվարին տեղի ունեցած Կրթության համաշխարհային ֆորումի շրջանակում քննարկված մի շարք հարցերի: Մասնավորապես առանձնացվել է Հայաստանի 9 դպրոցներում անգլերենի ուսուցման ակումբների ծրագիրը, որը ներառում է դպրոցներում ակումբների բացում, կահավորում, համապատասխան ուսումնական նյութերի ապահովում, ինչպես նաև այդ ակումբներում դասավանդող ուսուցիչների վերապատրաստում:

Բրիտանական խորհրդի հետ հետագա համագործակցության համատեքստում կողմերն անդրադարձել են հայ-բրիտանական կրթական կապերի ընդլայնմանը` կրթության բոլոր մակարդակներում: Մասնավորապես քննարկվել է համատեղ ֆորումի կազմակերպման հարցը, որի ընթացքում ստեղծարար արդյունաբերության և կրթության ոլորտների ներկայացուցիչները կհամախմբվեն մեկ պլատֆորմի շուրջ` հնարավորություն տալով տնտեսվարողներին և գործատուներին մասնակից դառնալ բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների կրթական ծրագրերում աշխատաշուկայի կարիքներին միտված պահանջների ձևավորմանը: Նախատեսվում է նաև Հայաստան-Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորություն կրթական երկխոսության կազմակերպում, որի շրջանակում կքննարկվեն ոլորտային համագործակցության զարգացման նոր հնարավորությունները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև աշխատանքային մի շարք այլ հարցեր:

Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ