Այս ուրբաթ՝ մայիսի 27-ին, Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա արգենտինացի հեղինակավոր բանդոնեոնահար, Պիացոլայի գործընկեր և ընկեր Վալտեր Ռիոսի և արգենտինացի երգչուհի Մարիել Դյուպետի համերգը՝ հայկական «Կադանս» անսամբլի, Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ և մաեստրո Կարեն Դուրգարյանի դիրիժորությամբ:
Հայաստանում Արգենտինայի դեսպանությունից հայտնում են, որ ինչպես նշել է Հայաստանում Արգենտինայի դեսպան Մարիանո Վերգարան, մայիսի 25-ին Օպերային թատրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, «Հայրենիքի օրվան նվիրված այս համերգն իսկական նվեր կլինի Հայաստանի համար, քանի որ դրան մասնակցում են. Արգենտինական տանգոյի պատմության կենդանի հիշողությունը՝ մաեստրո Վալտեր Ռիոսը և արգենտինացի երգչուհի Մարիել Դյուպետին։ Մաեստրո Ռիոսը Հայաստան է բերել երկու բանդոնեոն՝ Աստոր Պիացոլլայինը և Անիբալ Տրոյլոյինը, որոնցով աննախադեպ համերգ կունենա Հայաստանում»։
Համերգի ընթացքում ունկնդիրները կվայելեն Աստոր Պիացոլայի, Անիբալ Տրոյլոյի, Հոմերո Մանցիի, Կոմիտասի, Սայաթ-Նովայի և Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։
Համերգը կազմակերպվել է Հայաստանում Արգենտինայի դեսպանատան, «Karas Wines»-ի, Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և «Կադանս» համույթի համատեղ ջանքերով:
