fbpx
Տնտեսություն
14:16 14/01/2020

Արժութային-դիլերային բրոքերական գործունեությունը կարող է դադարել գոյություն ունենալ․ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց

Ըստ Հայաստանի Հանրապետության «Կենտրոնական բանկի մասին» օրենքի՝ Կենտրոնական բանկի հիմնական նպատակն է հանրապետությունում գների կայունության և ֆինանսական կայունության ապահովումը։ Այս մասին խորհրդարանի ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Արտոնագրման մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ մտցնելու օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց Հայաստանի Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը։

Նրա խոսքով՝ հաշվի առնելով Հայաստանի տնտեսության զգայունությունը փոխարժեքի տատանումների հանդեպ՝ Կենտրոնական բանկի դրամավարկային արդյունավետ քաղաքականության իրականացումը առաջնահերթ նշանակություն ունի երկրում ֆինանսական կայունության ապահովման համար։

«Այդ քաղաքականության շրջանակում Կենտրոնական բանկը սահմանում է շուկայի մասնակիցների արտոնագրման, հետագա գործունեության կարգավորման և վերահսկողության կանոններ։ Արժութային շուկայի կարգավորումները ոչ թե պարզապես արտոնագրման կանոններ են, այլև, ըստ էության, ապահովում են արժութային շուկաների կայունությունը»,- նշել է Երիցյանը։

Նա հավելելց, որ Հայաստանի Կենտրոնական բանկը, շնորհիվ նշված կանոնների, ապահովում է իր հիմնական խնդրի կատարումը գնային և ֆինանսական կայունության հարցում, որոնք լուծվում են արժութային շուկայում չարաշահումների զսպման և արժութային «շոկերից» ֆինանսական համակարգի պաշտպանության ճանապարհով։ Նման մոտեցումը, ԿԲ ներկայացուցչի կարծիքով, առաջին հերթին ուղղված է շոկային իրավիճակներում բնակչության շահերի պաշտպանությանը։

«Հարկ է նշել, որ նման մոտեցման դեպքում ծառայության հասանելիությունը չի սահմանփակվի սպառողների տարբեր խմբերի համար, քանի որ այդ ծառայությունները տրամադրվում են շուկայում գործող այլ ֆինանսական հաստատությունների կողմից ինչպես մասնաճյուղերի լայն ցանցի, այնպես էլ օնլայն սերվիսների միջոցով»,- նշել է Երիցյանը։

Նրա խոսքով՝ ուսումնասիրելով արժութային դիլեր-բրոքերների միջազգային փորձն ու իրավիճակի զարգացումը ոլորտում՝ Կենտրոնական բանկը մշակել է շուկայի մասնակիցների կողմից չարաշահումների ռիսկը նվազագույնի հասցնելու քաղաքականություն։

«Այս օրենսդրական փաթեթի ընդունումից հետո արժութային-դիլերային բրոքերական գործունեությունը՝ որպես գործունեության արտոնագրման տեսակ, կդադարի գոյություն ունենալ, և այդ ծառայությունները կտրամադրվեն շուկայում գործող այլ ֆինանսական ինստիտուտների կողմից»,-պարզաբանել է Երիցյանը։

Նշենք, որ օրենսդրական փաթեթը ստացել է խորհրդարանի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ