fbpx
Քաղաքականություն

07:00 12/7/2019

Առկա է հայ-լեհական փոխգործակցության մեծ ներուժ

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանոձնաժողովի անդամներ Անուշ Բեղլոյանը, Սոս Ավետիսյանը, Արման Աբովյանն ու Արման Բաբաջանյանը հուլիսի 11-ին հրավիրած ասուլիսում մանրամասներ են ներկայացրել հուլիսի 2-4-ը Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների և ԵՄ հարցերով հանձնաժողովի հետ համատեղ նիստի աշխատանքներից:

Կարևորելով լեհական կողմի հետ Հայաստան-Լեհաստան, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ հավասարակշռված դիրքորոշման, երկկողմ այցերի, վիզանեfրի ազատականացման և այլ օրակարգային հարցերի վերաբերյալ բաց ու անկեղծ քննարկումները՝ Սոս Ավետիսյանը նշել է, որ միջխորհրդարանական գործակցությունը նպաստավոր ձևաչափ է երկու երկրների կապերի զարգացման գործում:

Արման Աբովյանը տեղեկացրել է, որ լեհ գործընկերներն անչափ հետաքրքրված են մեր երկրում տեղի ունեցած և ունեցող իրադարձություններով, կոռուպցիայի դեմ պայքարով: Ըստ նրա՝ տարածաշրջանային անվտանգության հարցին անդրադառնալիս երկուստեք ներկայացրել են սեփական տեսլականները: Պատգամավորը կարևոր է համարել նաև Լեհաստանի ԱԳՆ-ում և Արևելյան հետազոտությունների կենտրոնում հանդիպումներն ու քննարկումները:

«Վերջերս Լեհաստանի արտգործնախարարը Բաքվում սատարել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` չնշելով ազգերի ինքնորոշման իրավունքի մասին»,-ասել է Անուշ Բեղլոյանն ու հավելել, որ արտգործնախարարությունում հանդիպման ժամանակ հայկական կողմն իր մտահոգությունն է հայտնել այդ առնչությամբ: Քննարկման արդյունքում լեհական կողմը հավաստիացրել է, որ այսուհետև Լեհաստանի ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարությունները կլինեն հավասարակշռված:

Արման Բաբաջանյանը խոսել է հայ-լեհական հարաբերություններում բացթողումների մասին: Ըստ պատգամավորի՝ չեն իրացվել խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունները, ինչի հետևանքով երկու երկրների խորհրդարանների միջև կապերը գտնվում են ոչ պատշաճ մակարդակի վրա: Թեև ընթացող աշխատանքներին՝ Արման Բաբաջանյանը իրատեսական չի համարում մոտ ապագայում վիզաների ազատականացումը:

Ասուլիսի ընթացքում նշվել է նաև, որ կա մեծ ներուժ գործակցելու տարբեր ոլորտներում՝ այդ թվում կրթության ու գյուղատնտեսության: Կարևորվել է եվրոպական յուրաքանյուր երկրի հետ առանձնակի համագործակցությունն ու հարաբերությունների զարգացումը:

Բանախոսները պատասխանել են լրագրողների հարցերին:

 

Վերեվ