fbpx
Խորհրդարան

Միայն հիվանդ հասարակությունում կարող են տեղի ունենալ նման երևույթներ․ Արման Բաբաջանյանը՝ ապօրինի որդեգրումների մասին

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Երեկ հայտնի դարձավ, որ ձերբակալվել է «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության (Հանրապետական ծննդատան) տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, ով կասկածվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ծնողներից երեխային ապօրինի բաժանելու համար:

Ըստ Քննչական կոմիտեի՝ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության վարույթում օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կասկածանքով ձերբակալվել է ոչ միայն Ռազմիկ Աբրահամյանը, այլև փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը:

Այս ձերբակալությունները տեղի են ունեցել Ազգային անվտանգության ծառայության կողմից քննվող գործի շրջանակներում, որի արդյունքում բացահայտվել էին օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր։

Սա ուղղակի սահմռկեցուցիչ դեպք է, որը տեղի է ունեցել մեր երկրում, մեր հասարակությունում:

Սա տեղի է ունեցել մի երկրում, որի իշխանություններն ավելի քան երկու տասնամյակ խոսել են ազգային արժեքների, ավանդույթների, ընտանիքի, երեխաների ու այլ սրբությունների մասին: Սա տեղի է ունեցել երկրում, որի իշխանություններն այդ նույն սրբությունների քողի տակ փող աշխատելը դարձրել են գերագույն նպատակ՝ այդ ճանապարհին չհանդիպելով որևէ, առանց բացառության որևէ արգելքի: Իրականում այս բացահայտումը մեր երկրի, մեր հասարակության հերթական ախտորոշումներից է, որովհետև միայն հիվանդ հասարակությունում կարող են տեղի ունենալ նման երևույթներ: Ու անկախ այս պատմության դերակատարներից, անկախ նրանից՝ որ ժամանակաշրջանին են վերաբերում բացահայտումները, տեղի ունեցածի համար պատասխանատվություն են կրում նախկին իշխանությունները հավաքականորեն ու անհատապես:

Որովհետև սա հնարավոր է դարձել նրանց ստեղծած մթնոլորտի, նրանց ներմուծած բարքերի պատճառով: Խոսքն առաջին հերթին բարոյական պատասխանատվության մասին է, որն անցած իշխանության հետ որևէ աղերս ունեցող մեկին պետք է զրկի ազգային արժեքների, ընտանիքի ու սրբությունների մասին խոսելու իրավունքից: Ինչ վերաբերում է կոնկրետ պատասխանատուներին, սոցիալական ապահովության բնագավառի այդ տարիների բարձրաստիճան պաշտոնյաներին, ապա բոլորը պետք է պատասխանատվության ենթարկվեն օրենքի ողջ խստությամբ՝ արժանանալով նաև հասարակության խստագույն պարսավանքի:

Այս հանցավոր պատմության բոլոր, առանց բացառության բոլոր մասնակիցները պետք է պատասխանատվության ենթարկվեն հրապարակավ, հանրային կարծիքի խստագույն ճնշման ներքո՝ բացառելու համար երբևէ նման երևույթի կրկնությունը:

Հ. Գ. Զարմանալի զուգադիպությամբ երեկ, երբ իրավապահները հրապարակում էին այս ձերբակալությունների մասին տեղեկատվությունը, նախկինում երկար տարիներ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը զբաղեցրած նախկին դաշնակցական Աղվան Վարդանյանը հանդես էր գալիս Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախումբ ստեղծելու նախաձեռնությամբ:

Ճիշտ է, կոնկրետ այս գործով բացահայտումները չեն վերաբերում Վարդանյանի պաշտոնավարման տարիներին, բայց վերաբերում են ոլորտին, որը երկար տարիներ ղեկավարել է Քոչարյանի այսօրվա մոլեռանդ պաշտպանը: Բայց նա տարված էր Քոչարյանի ազատությամբ և անգամ հարկ չհամարեց որպես ոլորտի նախկին ղեկավար գոնե գնահատական հնչեցնել տեղի ունեցածի կապակցությամբ:

Բացառված չէ՝ նաև այն պատճառով, որ իր պաշտոնավարման տարիներին էլ համակարգում նման հանցագործություններ են կատարվել, բայց չեն բացահայտվել: Առայժմ չեն բացահայտվել»:

https://www.facebook.com/babajanyana/posts/2936013733096001

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ