Կառավարության այսօրվա նիստի մեկնարկից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն նշեց, որ նամակ է ստացել, որտեղ նշվում է, որ «Արմաթ» լաբորատորիաների խմբակավարները (260 հոգի), 3 ամիս աշխատավարձ չեն ստացել: Վարչապետը ցանկացավ տեղեկանալ, թե արդյո՞ք այսպիսի բան հնարավոր է, որ 21-րդ դարում Հայաստանում պետական համակարգի աշխատողները երեք ամիս աշխատավարձ չստանան և խնդրեց պարզաբանումներ տալ:
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ ֆինանսավորման ձևն այժմ փոխվել է, և առարկությունների, բանակցությունների պատճառով հարցը ձգձգվել է, և հաջորդ շաբաթ հարցը կլուծվի։
Ի պատասխանը Փաշինյանը ասաց. «Էտ ամեն ինչը պարզ է, բայց մարդիկ 3 ամիս աշխատավարձ չեն ստացել»։
Ֆինանսների նախարարը առարկեց, որ այդ մարդիկ պետական աշխատող չեն, ինչի հետ կապված ընթացակարգեր կան։ Փաշինյանն ընդմիջեց նրան։
«Պարո՛ն Ջանջուղազյան, էս ամեն ինչը հասկանալի է։ Եթե պետական բյուջեում էդ փողը դրված է, էդ փողը կա, այսինքն` պետությունը կարևորել է այդ ծառայության մատուցումը։ Հիմա բայց երեք ամիս է՝ էդ ծառայությունը մատուցվել է, և մարդիկ իրենց վճարը չեն ստացել։ Սա աննորմալ երևույթ է», – ասաց Փաշինյանը։
Վարչապետն ասաց, որ կարելի է խոսել այն մասին, որ մրցույթ էր, հետո նրանք մի բան ասացին, կառավարությունը մեկ այլ բան, բայց գումարները չեն վճարվել։
«Հիմա ասում ենք՝ ֆինանսավորման ձևերը փոխել ենք։ Մենք ֆինանսավորման ձևը փոխում ենք, որ ավելի լա՞վ լինի, թե՞ ավելի վատ լինի», – հավելեց վարչապետը: