Հայաստան
00:00 11/05/2020

Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ։

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը նախագահ Սարգսյանին և հայ ժողովրդին հղելով իր շնորհավորական մաղթանքները, մասնավորապես նշում է․ «Այս փառահեղ օրը մենք առանձնահատուկ երախտագիտությամբ և հպարտությամբ ենք հիշում մեր ընդհանուր հերոսներին, որոնք արիություն և խիզախություն են ցուցաբերել ծանր մարտերում, մեր խորին հարգանքի տուրքն ենք մատուցում թիկունքի աշխատավորներին, որոնք կերտեցին Մեծ հաղթանակը՝ հանուն ապագա սերունդների խաղաղ կյանքի: Վստահ եմ, որ մեր երկու ժողովուրդների միջև բարեկամության և փոխըմբռնման ավանդույթները հետագայում ևս որպես զարգացման և համագործակցության ամրապնդման ամուր հիմք կծառայեն»:

Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնն իր ուղերձում մասնավորապես նշում է․ «Մեծ հաղթանակը կերտվեց նախկին Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների արիության, հերոսության, համախմբվածության և անձնուրաց ջանքերի շնորհիվ՝ պայքարելու ընդհանուր թշնամու դեմ: Մենք հիշում ենք բոլոր նրանց, ովքեր մեզ համար հաղթանակ են կերտել մարտի դաշտերում և թիկունքում, հպարտանում ենք նրանց անգնահատելի քաջությամբ և սխրագործությամբ»։

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը նշում է, որ Մեծ հաղթանակի օրն առանձնահատուկ տոն է մեր երկրների համար, այն խորհրդային ժողովրդի պատվի և արիության խորհրդանիշ է։ «Այսօր կորոնավիրուսի համավարկի հետ կապված մենք գիտակցում ենք, թե որքան փխրուն է աշխարհը։ Ուստի այն դաժան պատերազում հաղթանակած ժողովուրդները պետք է միավորվեն՝ մեր ժամանակների այս սպառնալիքը հաղթահարելու համար։ Համոզված եմ, որ պատերազմի բովով անցած վետերաններն իրենց ոգով, իրենց գործերով և տոկունությամբ օգնում են մեզ արժանապատվությամբ անցնել այս փորձությունն ու հասնել հաղթանակի»։

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ