fbpx
Գիտություն

Արմեն Սարգսյանի հրավերով աշխարհահռչակ «Airbus»-ի բարձրաստիճան պատվիրակությունը կժամանի Հայաստան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով հոկտեմբերի 15-ից 18-ը Հայաստան են այցելելու աշխարհահռչակ «Airbus» ընկերության պաշտպանական և տիեզերական հարցերով փոխնախագահ Լիոնել Շամփոան և տարածաշրջանային պատասխանատու Վսեվոլոդ Կազակովը:

Նախագահ Սարգսյանի առաջին հանդիպումն ընկերության ղեկավարության հետ կայացել էր դեռեւս այս տարվա հունիսին Լը Բուրժեում անցկացված՝ Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդեսի շրջանակում. Արմեն Սարգսյանն այցելել էր ընկերության տաղավար, հանդիպել ղեկավարության հետ: Հենց այստեղ էլ պայմանավորվածություն էր ձեռք բերվել Հայաստան այցելության և համագործակցության հնարավորությունների շուրջ քննարկումները շարունակելու վերաբերյալ:

«Airbus»-ը համաշխարհային տիեզերաօդային ոլորտի առաջատար ընկերություններից է, և Հայաստան այցի շրջանակում «Airbus»-ի բարձրաստիճան պաշտոնյաները քննարկելու են մեր երկրի ոլորտային արդյունաբերությանն աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները: Ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի հետ կրթական ծրագրերի իրականացմամբ, հայաստանյան ինստիտուտների հետ համագործակցության հաստատմամբ: Մասնավորապես, «Airbus»-ը պատրաստակամություն է հայտնել կրթական և վերապատրաստման ծրագրեր իրականացնել առաջատար ֆրանսիական տիեզերաօդային համալսարանի՝ Ավիացիայի և տիեզերքի Ազգային բարձրագույն դպրոցի մասնակցությամբ:

Օդանավերի արտադրությամբ զբաղվող «Airbus» ընկերությունը խոշորագույն ավիացիոն և տիեզերական ընկերությունն է Եվրոպայում: Այստեղ մշտապես կարևորում են նորարարական լուծումների և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը, ինչը նոր հնարավորություններ է ստեղծում թռիչքների ապագայի համար:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:

ԱԶԱՏ ԼՐԱՀՈՍ

Վերեվ