Հասարակություն
10:54 01/04/2020

Արմեն Սարգսյանը ստորագրել է քաղաքացիների հեռախոսազանգերը հասանելի դարձնելու օրենսդրական փաթեթը

Երեկ` մարտի 31-ին Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը ստորագրել է նախագահ Արմեն Սարգսյանը:

Աշխարհում պանդեմիայի տեսքով մարդկությանը մարտահրավեր է նետված, և յուրաքանչյուր պետություն ձգտում է հնարավոր և անհրաժեշտ բոլոր միջոցները կյանքի կոչել՝ համաճարակի հետագա տարածումը սեղմ ժամկետներում կանխարգելելու և մարդկային բազմաթիվ կյանքեր փրկելու ուղղությամբ։

Արտակարգ դրության պայմաններում Սահմանադրությամբ ամրագրված մարդու առանձին հիմնարար ազատությունների և իրավունքների ժամանակավոր սահմանափակումը անխուսափելի է: Այն բխում է ինչպես հանրային շահից, այնպես էլ յուրաքանչյուրի բարձրագույն մարդկային իրավունքի՝ մարդու կյանքի և առողջության պահպանման անհրաժեշտությունից։

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը ստանձնել է անհրաժեշտ միջոցառումների նախաձեռնությունը և պատասխանատու է դրանց իրավաչափ իրականացման համար՝ ապավինելով յուրաքանչյուրիս ողջախոհությանը։

Այս բարդ իրավիճակում կարևոր է բոլորիս համախմբումը, աջակցությունը պատկան մարմիններին: Կառավարությունն իր կողմից պարտավոր է դրսևորելու բացառիկ հետևողականություն, որպեսզի նախատեսվող սահմանափակումները կյանքի կոչվեն՝ չհանգեցնելով Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների և ազատությունների անհարկի միջամտությանը։

Հանրապետության նախագահը ստորագրել է Ազգային Ժողովի կողմից ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքները։

Չնայած օրենքները նախատեսում են մարդու իրավունքների զգալի սահմանափակումներ, նախագահը ստորագրել է դրանք՝ հաշվի առնելով, որ այդ սահմանափակումները Կառավարության կողմից պետք է կիրառվեն որպես բացառիկ միջոցներ և բացառապես արտակարգ դրության ժամանակահատվածում:

Ուստի և օրենքների կիրառման գլխավոր նախապայմանը, և միակ նպատակը պետք է լինի մարդկային կյանքի փրկությունը և հանրային առողջության պահպանումը։

Անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքների սահմանափակումները իրավասու մարմինների կողմից պետք է կիրառվեն միմիայն վերը նշված նպատակներն ապահովելու համար և ամենայն պատասխանատվությամբ։

Աղբյուրը` www.president.am:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ