ՀՀ ՆԳ փոխնախարարն ընդունել է ԱՄՆ FBI-ի իրավական կցորդին

Հրապարակող՝

two man

ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) Հայաստանում և Վրաստանում իրավական կցորդ Ալեքսանդր Վ. Թիգույի հետ։ ՆԳՆ հաղորդագրության համաձայն՝ Ալեքսանդր Թիգույը շնորհավորել է Արմեն Մկրտչյանին պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ ՀՀ ՆԳՆ, Հետաքննությունների դաշնային բյուրոյի և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը հաջողությամբ կընդլայնվի։

Արմեն Մկրտչյանը, իր հերթին շնորհակալություն հայտնելով Ալեքսանդր Թիգույին, ընդգծել է ՆԳՆ-ում իրականացվող բարեփոխումներում ԱՄՆ դեսպանատան ներգրավվածությունը։ Նա նաև շնորհակալություն է հայտնել նախորդ իրավական կցորդ Հեդեր Բերգին՝ նախարարության հետ սերտ համագործակցության համար։

Փոխնախարարը կարևորել է միջազգային համագործակցությունը և նշել, որ Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից Հայաստանում և ԱՄՆ-ում կազմակերպված վերապատրաստման դասընթացները մեծապես նպաստել են կիբեռանվտանգության և հետախուզվող անձանց հայտնաբերման ուղղությամբ ներգրավված ծառայողների մասնագիտական կարողությունների բարելավմանը։

Հանդիպման ընթացքում Արմեն Մկրտչյանը ներկայացրել է ՆԳՆ, մասնավորապես՝ Քրեական ոստիկանությունում ընթացող բարեփոխումները։ Նա կարևորել է թմրամիջոցների անօրինական շրջանառության, թրաֆիքինգի, կիբեռհանցավորության, փողերի լվացման և անօրինական միգրացիայի դեմ պայքարի ոլորտներում համագործակցության խորացումը։

Ամենաթարմ