Քաղաքականություն

Էկոնոմիկայի նախարարի հայտարարությունների անհամապատասխանությունները և խնդրահարույց կողմեր

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը իր հայտարարություններով ներկայացրել է երկրի տնտեսության զարգացման հավակնոտ ծրագրերը։ Սակայն նրա խոսքերը հաճախ անտեսում են բուն իրականությունն ու թաքցնում են ծրագրերի հետևանքները, որոնցով պետությունը կարող է հայտնվել լուրջ խնդիրների առջև։

Հողային և ջրային ռեսուրսների սահմանափակումները լուծելու նպատակով ինտենսիվ այգիների զարգացումը ներկայացվում է որպես ռազմավարական լուծում։ Թեև այս մոտեցումը, առաջին հայացքից, տրամաբանական է թվում, այն պահանջում է զգալի ներդրումներ ժամանակակից տեխնոլոգիաների և կառավարման մեխանիզմների համար։ Սակայն նախարարի հայտարարություններում որևէ հստակություն չկա՝ արդյոք նման ծրագրերը համահունչ են առկա ռեսուրսների կիրառման հնարավորություններին, և թե որքանով են դրանք իրատեսական՝ հաշվի առնելով մեր հողերի բերրիության և ջրային ռեսուրսների սպառման խնդիրները։ Նաև գնահատականը, որ մեր ջրային ռեսուրսները սահմանափակ են, չեն համապատասխանում իրականությանը այնքանով, որ ՀՀ տարածքի հարաբերակցությունն ու ունեցած ջրային ռեսուրսները շատ ավելի մեծ են համամատած այլ երկրների, գումարած, որ պաշարները լայն հնարավորություն ունեն մեծացվելու։

Մետալուրգիական գործարանի տեղափոխումը՝ ադրբեջանական հրետակոծությունների սպառնալիքի ներքո, խոսուն վկայությունն է այն բանի, որ ներկայիս իշխանությունը ենթարկվել է արտաքին ուժերի ճնշմանը։ Գործարանը ստիպված տեղափոխվել է Արարատ՝ պետությանը և մասնավոր սեկտորին հասցնելով զգալի ֆինանսական վնասներ։ Սա ակնհայտորեն ցույց է տալիս, որ կառավարությունը չի կարողանում պաշտպանել ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները։ Ավելին, նախարարի կողմից գործարանի շահագործման մասին խոսելը միայն թվացյալ հաջողություն է, քանի որ արտադրանքի իրացումը մասնավոր ձեռնարկության խնդիրն է, այլ ոչ թե պետության, և ստացվելիք շահույթը նույնպես երաշխավորված չէ։

Ամուլսարի շահագործման գործընթացը շարունակում է մնալ առավել խնդրահարույց։ Նախարարի հավաստիացումներն այս ծրագրի տնտեսական օգուտների մասին չհիմնավորված են, քանի որ նախագծի շուրջ կուլիսային գործարքներն ու իրավական խնդիրները հաճախ խոչընդոտում են դրա առաջընթացը։ Հանրային դիմադրությունը, որը նախկինում հաջողությամբ կանխել է Ամուլսարի շահագործումը, անխուսափելիորեն կրկին վեր կբարձրանա։ Սա հերթական անգամ մեծ բեռ կդառնա պետության համար, որը կկորցնի ինչպես հարկատուների միջոցները, այնպես էլ իր միջազգային հեղինակությունը։

Այս օրինակները վկայում են, որ կառավարության ներդրումային և տնտեսական ռազմավարությունները հաճախ հիմնված են թերի պլանավորման և կարճաժամկետ շահերի վրա։ Առանց թափանցիկության, հաշվետվողականության և երկարաժամկետ ազդեցության գնահատման, նման նախաձեռնությունները կարող են բերել պետական միջոցների վատնման և հանրային անվստահության խորացման։ Պետական կառավարումը պահանջում է ոչ միայն հավակնոտ ծրագրեր, այլև դրանց իրատեսական, հաշվարկված և արդարացված իրականացում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ