Առաջիկա ուրբաթ օրը՝ հունվարի 24-ին, ԱԺ Եվրաինտեգրացիայի հանձնաժողովում կքննարկվի «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը։ Քննարկումը պաշտոնապես ընդգրկված է հանձնաժողովի օրակարգում։
Օրենքի հիմնավորման համաձայն՝ դրա ընդունումը նպատակ ունի ամրագրելու Հայաստանի ժողովրդի և իշխանությունների կամքը՝ անդամակցելու առաջադեմ, քաղաքակիրթ, զարգացած մարդկության ընտանիքին։ Օրենքը հռչակում է Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկը, որը կուղղորդի իշխանությունների որոշումներն ու գործողությունները այս ճանապարհին։
Հիմնավորման մեջ շեշտվում է, որ այս օրենքի ընդունումը աշխարհաքաղաքական ներկայիս պայմաններում կնպաստի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ամրապնդմանը և դիմադրողականության մեծացմանը։ Օրենքը միտված է ժողովրդավարության, քաղաքացիների պետական կառավարմանը մասնակցության իրավունքի ապահովմանը և իրավունքի գերակայության անշրջելիության ամրապնդմանը։ Այն կոչված է վերականգնելու վստահությունը պետության քաղաքականության կանխատեսելիության նկատմամբ։
