Դեկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը, որը ներառում է մի քանի տասնյակ միջոցառումներ: Այս փաստաթուղթը ամրապնդում է երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությունը և ստեղծում նոր հիմքեր համագործակցության զարգացման համար։
Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական պաշտպանական խորհրդակցությունները ղեկավարել են ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը և Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության միջազգային համագործակցության և ռազմավարության գլխավոր վարչության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի ու բազմակողմ համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Էսկորսին։
Խորհրդակցությունների ընթացքում ամփոփվել են 2024 թվականին իրականացված համագործակցության արդյունքները, իսկ 2025 թվականի համար նախանշվել են նոր նախաձեռնություններ։ Կողմերը հաստատել են վերջին շրջանում ակտիվացած համագործակցության ռազմավարական կարևորությունը և սահմանել համագործակցության ավելի բարձր նշաձող։
Համագործակցության հիմնական ուղղություններն ընդգրկում են պաշտպանական պլանավորումը, ռազմական կրթությունը, վարժանքները, խորհրդատվական աջակցությունը, տարբեր զորատեսակների պատրաստությունը, ռազմատեխնիկական փոխանակումները և մի շարք այլ ոլորտներ։