Զինված Ուժեր

Հայաստանի դեսպանը մասնակցել է Հունաստանի ռազմական ակադեմիայի սաների երդման հանդիսավոր արարողությանը

2024 թվականի դեկտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը մասնակցեց Հունաստանի ռազմական ակադեմիայի՝ «Լորդ Բայրոն» դասարանի առաջին կուրսեցիների երդման հանդիսավոր արարողությանը։ Արարողությունը տեղի ունեցավ Ատտիկայի Վարի շրջանում գտնվող ռազմական ակադեմիայում (Στρατιωτική Σχολή Ευελπίδων, ՍΣΕ)։

Միջոցառմանը ներկա էին Հունաստանի և Կիպրոսի զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ գեներալ Դիմիտրիոս Խուփիսը, Հունաստանի ցամաքային ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Գեորգիոս Կոստիդիսը և Կիպրոսի ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Գեորգիոս Ցիցիկոստասը։

Երդման արարողությանը ներկա էին նաև միջազգային դիվանագիտական շրջանակների, տեղական ինքնակառավարման մարմինների, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ, ինչպես նաև 130 նորակոչ սաների հարազատները։ Նորակոչ սաները ներկայացնում էին 8 երկիր՝ Հունաստան (93), Կիպրոս (24), Հայաստան (4), Ալբանիա (1), Հորդանան (3), Մոլդովա (1), Սենեգալ (2) և Թունիս (2)։

Վաշտի հրամանատար, գեներալ-մայոր Անաստասիոս Պոլիխրոնոսի օրվա հրամանում ընդգծվեց, որ երդումը նշանավորում է նոր ուղու սկիզբ՝ խորհրդանշելով Ռազմական ակադեմիայի սաների նվիրվածությունն իրենց հայրենիքին և ակադեմիայի պատմական նշանակությանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ