Հունվարի 22-ին ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ընդունել է ԱՄՆ պատվիրակությանը, որի կազմում էին Հայաստանում փոխդեսպան Դեյվիդ Ալենը և Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Մայքլ Վեներդին։ Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանի և Կանզասի նահանգի միջև ձևավորված բազմաշերտ համագործակցությունը և դրա ընդլայնման ուղիները։
Նախարար Սարգսյանը ողջունել է պատվիրակությանը՝ ընդգծելով Հայաստանի և ԱՄՆ միջև ձևավորված ռազմավարական գործընկերության կարևորությունը, որը վերջերս հաստատվել է Վաշինգտոնում։ Նա նշել է, որ ՀՀ Ներքին գործերի նախարարությունը այս համագործակցության առանցքային դերակատարներից է։
Գեներալ-մայոր Վեներդին իր խոսքում նշել է, որ 22 տարվա պատմություն ունեցող Հայաստանի և Կանզասի համագործակցությունը միտված է երկու կողմերի քաղաքացիների անվտանգության և բարօրության ապահովմանը։
Քննարկման ընթացքում կողմերը անդրադարձել են մի շարք ոլորտների, այդ թվում՝
- Աղետների ռիսկի կառավարման աշխատանքներին, հատկապես՝ Փրկարար ծառայության հետ համագործակցությանը,
- Կրթական ծրագրերի ընդլայնմանը, մասնավորապես՝ կադրերի պատրաստման և վերապատրաստման ուղղությամբ,
- Սեյսմիկ ռիսկերի կառավարման հարցերին, ինչպես նաև աղետների ռիսկերի կառավարման ընդհանուր ցիկլին և ներգրավված դերակատարների փոխգործակցության հստակեցմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում ստեղծվելիք միասնական օպերատիվ կառավարման կենտրոնի և ազդարարման համակարգերի արդիականացման հարցերը։
Կողմերը պայմանավորվել են խորացնել համագործակցությունը՝ ուղղված հանրային անվտանգությանը, բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը և ընդհանուր շահերի պաշտպանությանը։
