Զինված Ուժեր

ՀՀ ԳՇ պետը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպել է Հունաստանի, Վրաստանի, Ֆրանսիայի և Շվեդիայի պաշտոնյաների հետ

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կարևոր երկկողմ հանդիպումներ է անցկացրել։ Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ նա առանձնազրույցներ է ունեցել Հունաստանի և Վրաստանի պաշտպանության շտաբների պետերի հետ, ինչպես նաև երկկողմ քննարկումներ անցկացրել Ֆրանսիայի ու Շվեդիայի պաշտոնյաների հետ։

Հունաստանի և Ֆրանսիայի գործընկերների հետ հանդիպումների ժամանակ ընդգծվել է պաշտպանության ոլորտում առկա համագործակցության բարձր մակարդակը։ Էդվարդ Ասրյանը բարձր է գնահատել Աթենքի և Փարիզի ներդրումը՝ ուղղված Հայաստանի Զինված ուժերի ձևափոխման և զարգացման գործընթացին։

Վրաստանի պաշտպանության շտաբի պետի հետ քննարկվել են գործնական քայլեր՝ երկկողմ համագործակցությունը ակտիվացնելու և առաջավոր փորձի փոխանակման միջոցով Հայաստանի պաշտպանական կարողությունները բարելավելու համար։ Շվեդիայի ներկայացուցչի հետ առանձնազրույցը կենտրոնացած է եղել պաշտպանության ոլորտում երկկողմ հարաբերություններ հաստատելու հնարավորությունների վրա։

Այս հանդիպումները կարևոր նշանակություն ունեն՝ Հայաստանի պաշտպանության նախարարության և Զինված ուժերի միջազգային համագործակցությունը խորացնելու, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ անվտանգության հարցերում գործընկերների հետ փորձի և գաղափարների փոխանակման տեսանկյունից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ