Հունվարի 14-ին Վաշինգտոնում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրում են Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ։
«Ստեղծում ենք ռազմավարական գործընկերության հանձնաժողով, ինչը ենթադրում է ընդլայնել փոխգործակցությունը տնտեսական, անվտանգության և պաշտպանության, ժողովրդավարության, ներառականության և միջանձնային հարաբերությունների ոլորտներում»,-իր խոսքում հայտարարեց ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, որը մենք ստորագրում ենք այսօր, ձևավորում է ամուր հիմք և մեր համագործակցությանը դարձնում ավելի հավակնոտ»,- իր հերթին նշեց Միրզոյանը։
Նա հավելեց, որ փաստաթուղթն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ տնտեսական և էներգետիկ կապերի ամրապնդում, հաղորդակցություններ, պաշտպանության և անվտանգության համագործակցության խորացում, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում, արդարադատության և օրենքի գերակայության խթանում, նորարարությունների և բարձր տեխնոլոգիաների զարգացում, ինչպես նաև մարդկանց միջև շփումների ընդլայնում։
«Մենք խորապես գնահատում ենք ԱՄՆ-ի հաստատուն աջակցությունը Հայաստանի անկախությանն, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Նույնքան կարևոր է ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և տնտեսական դիմակայունության խթանման գործում։
Մենք խորապես գնահատում ենք ԱՄՆ-ի ներգրավվածությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության խթանման գործում։ Մենք կարծում ենք, որ կայուն և բարգավաճող Հարավային Կովկասը բխում է տարածաշրջանային բոլոր դերակատարների և ավելի լայն միջազգային հանրության շահերից»,- հավելեց Միրզոյանը:
Այս նշանակալի փաստաթուղթը նախատեսված է ամրապնդելու երկու երկրների միջև դիվանագիտական և ռազմավարական կապերը՝ ընդգծելով համագործակցության խորացումը քաղաքական, տնտեսական և անվտանգության ոլորտներում։
Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը գտնվում է Վաշինգտոնում աշխատանքային այցով՝ հունվարի 14-15-ը։ Այս այցի շրջանակներում ստորագրված փաստաթուղթը դառնում է երկկողմ հարաբերությունների նոր էջ՝ ամրապնդելով Հայաստանի և ԱՄՆ-ի միջև գործընկերությունը ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ մարտահրավերների լուծման գործում։
Ստորագրման արարողությունը հանդիսանում է երկու երկրների միջև երկխոսության և գործընկերության կարևոր փուլ, ինչը վկայում է նրանց հանձնառությունը՝ աշխատելու հանուն ընդհանուր արժեքների և նպատակների։
