Առողջապահություն

Առողջապահության նախարարությունն ընդունել է միջազգային համագործակցության գործակալության ներկայացուցիչներին

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ) ներկայացուցիչներին` Արևելյան և Կենտրոնական Ասիայի Կովկասի վարչության Կենտրոնական Ասիայի և Կովկասի բաժնի նորանշանակ տնօրեն Սոտա Տոսակայի գլխավորությամբ:

Լենա Նանուշյանը հակիրճ ներկայացրել է առողջապահության համակարգի առաջնահերթությունները, ընթացիկ ծրագրերը և առաջիկա անելիքները:

Մասնավորապես` անդրադարձ է կատարվել Հայաստանի մարզային առողջապահական համակարգի համաչափ զարգացման շարունակականությունն ապահովող ծրագրերին, քննարկվել են մարզային բժշկական հաստատությունների արդիականացման աշխատանքներին հնարավոր աջակցության, այդ թվում մարդկային ռեսուրսների զարգացման, ինչպես նաև բժշկական սարքերով, կահույքով և պարագաներով հագեցման հարցերը:

Կողմերը խոսել են Հայաստանում հոգեբուժական ծառայության արդիականացման շուրջ` հաշվի առնելով, որ ներկայումս լայնորեն քննարկվում է գործող հոգեբուժական ծառայության մոդելի վերակազմակերպումը՝ մոտեցնելով այն արդի միջազգայնորեն ընդունված մոդելին, որի հիմքում կլինի համայնքային մակարդակի մատուցվող հոգեբուժական ծառայությունը: Հոգեբուժական ծառայության արդիականացման տեսանկյունից կարևորվել է նաև բժշկական հաստատությունների շենքային պայմանների բարելավումը, բժշկական սարքերով, կահույքով և պարագաներով հագեցումը, ինչպես նաև անձնակազմի շարունակական ուսուցումը:

Ներկայացվել են նաև Հայաստանում կանխարգելիչ բժշկության բարելավմանն ուղղված առկա ծրագրերի, մասնավորապես` ոչ վարակիչ հիվանդությունների սկրինինգային հետազոտությունների իրականացման ընթացքը, հնարավոր աջակցության տարբերակները:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդիվ քննարկել հետագա համագործակցության շրջանակը և ուղղությունները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ