fbpx
Իրավական

Արսեն Բաբայանը ապօրինի անազատության մեջ է․ փաստաբան

Ձերբակալման միակ օրինական հիմքը անձի թաքնվելու վտանգն է, և միայն այն հանգամանքը, որ Արսեն Բաբայանն առաջին իսկ կանչով կամավոր ներկայացել է վարույթ իրականացնող մարմին, արդեն իսկ վկայում է այն մասին, որ նրա թաքնվելու վերաբերյալ բոլոր ենթադրությունները սին են:  Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արսեն Բաբայանի պաշտպան Երվանդ Վարոսյանը։

«Բացի այդ, նրան ձերբակալելու ժամանակ կասկածանքը վերաբերել է պաշտոնական կեղծիք կատարելուն, ինչը, բնականաբար, համաներման տակ ընկնող մեղադրանք է, ուստի նա գտնվում է ապօրինի անազատության մեջ»,-ասաց Վարսոյանը՝ նշելով, որ ամենայն հավանականությամբ դատարանը միաժամանակ կքննի Արսեն Բաբայանի ձերբակալության իրավաչափության դեմ ներկայացված բողոքը և վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին:

Լրագրողները պաշտպանից հետաքրքրվել են, թե տեղյակ են, արդյոք, ՍԴ նախագահի լիազորությունները վայր դնելու մասին մարտի 2-ին ԱԺ ուղարկված գրության մասին: Ի պատասխան՝ Վարոսյանը նշել է, որ այդ հարցաքննության արձանագրությունն իրենց չի տրամադրվել, դատարանն էլ չի ներկայացրել, քանի որ այն ակնհայտ արդարացնող ապացույց կարող է լինել:

«Ասեմ ավելին՝ ես հետևել եմ նաև Արա Բաբլոյանի և Գագիկ Հարությունյանի հարցազրույցներին, այս երեք անձանց դիրքորոշումները միայն բավարար են՝ պնդելու համար, որ ներկայացված մեղադրանքը որևէ աղերս իրականության հետ ունենալ ուղղակի չի կարող»,-ասաց նա:

Փաստաբանը նաև հայտնեց, որ դատարանում պահանջելու են, որ վարույթն իրականացնող մարմինը ներկայացնի այլ անձանց ցուցմունքներ, այդ թվում՝ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարի ցուցմունքը։

Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Բաբայանը խեղաթյուրել է Գագիկ Հարությունյանի դիմումն իրականում 2018 թվականի մարտի 5-ին ԱԺ մուտք լինելու հանգամանքը, մուտքագրման ամսաթիվը նշելով 2018 թվականի մարտի 2-ը։ Այս եղանակով Արսեն Բաբայանը պայմաններ՝ կեղծ հիմքեր է ստեղծել Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու նպատակով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ 2018 թվականի մարտի 2-ին ստորագրած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությունը հրապարակելու համար, որն էլ իր հերթին հիմք է հանդիսացել վերջինիս լիազորությունները դադարեցնելու, իսկ հետագայում՝ այդ թափուր պաշտոնում Հրայր Թովմասյանին առաջադրելու ու նշանակելու գործընթացի համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ