Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այս պահին չունի որևէ ապացույց, որ Ամուլսարի հանքի շահագործման բնապահպանական ռիսկերը կարող են ազդեցություն ունենալ բնակչության առողջության վրա: Այս մասին այսօր՝ օգոստոսի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ինքը նախարարը։
Նրա խոսքով՝ եթե նման ապացույցներ լինեն, ապա նախարարությունը համապատասխան քայլեր կձեռնարկի այդ ամենը վերացնելու կամ մեղմելու ուղղությամբ:
«Նախարարությունը մասնակցել է փորձաքննությանը և քննչական գործընթացներին: Նաև ուսումնասիրել ենք վերջնական եզրակացությունը, որի մասին ունենք մեր համառոտ տեղեկանք կարծիքը. Ջերմուկի թերմալ ջրերի մասով՝ կապ չկա, Սևանա լճի մասով՝ վտանգ չկա, օդի աղտոտվածության մասով՝ հնարավոր ռիսկը կարող է լինել բուռն շինարարության ժամանակ, բայց այնքան հեռու է բնակավայրերից, որ չի ազդելու բնակչության վրա»,- ասաց նախարարը:
Նա ընդգծեց, որ իրենց խնդիրն է մշտապես հետևել այն գործոններին, որոնք կարող են ազդել մարդկանց առողջության վրա: