Հոկտեմբերի 18-ին, ժամը 20:13-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 61 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երեք ավտոմեքենա, առկա է գազի արտահոսք, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Toyota Camry» (վարորդ՝ Արամ Դ., ծնված 1989 թ.), «Ford Mustang» (վարորդ՝ Մհեր Հ., ծնված 1985 թ.) և «ՎԱԶ-2104» (վարորդ՝ Ռազմիկ Մ., ծնված 1966 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Դիանա Օ.-ն (ծնված 1976 թ.), տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։