Արշակյանն ընդունել է Հնդկաստանի դեսպանին (ՏԵՍԱՆՅՈւԹ)-Azat TV
Խորհրդարան
10:54 23/12/2021

Արշակյանն ընդունել է Հնդկաստանի դեսպանին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին:

«Հանդիպմանը ներկա են եղել նաև բարեկամական խմբի անդամներ Ծովինար Վարդանյանը, Թագուհի Ղազարյանը, Տիգրան Աբրահամյանը և Նարեկ Բաբայանը:

ԱԺ փոխնախագահը նշել է, որ հայ-հնդկական հարաբերությունների պատմական հարուստ անցյալը միջպետական կապերի ընդլայնման լավագույն հիմքն է: Այս համատեքստում Հակոբ Արշակյանը կարևորել է դեսպանի գործուն մասնակցությունը և արդյունավետ աշխատանքը:

«Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 29 տարիների ընթացքում Հայաստանին և Հնդկաստանին հաջողվել է պատմական խոր արմատներ ունեցող բարեկամական կապերը վերածել միջպետական ջերմ և գործընկերային հարաբերությունների»,-ընդգծել է Հակոբ Արշակյանը: Միջխորհրդարանական փոխգործակցության շրջանակում նա առանձնակի շեշտել է բարեկամական խմբերի դերակատարությունը:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին՝ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է Ադրբեջանում գերեվարված անձանց շուտափույթ վերադարձի կարևորությանը և այդ պետության կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները չկատարելուն: ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է, որ մեր երկիրն այս առումով գնահատում է Հնդկաստանի հավասարակշիռ հայտարարությունները և դերակատարումը միջազգային ասպարեզում: Հակոբ Արշակյանը շեշտել է, որ Հայաստանը Ջամմուի ու Քաշմիրի հարցում վերահաստատում է իր աջակցությունը Հնդկաստանին և հույս հայտնել, որ խնդիրը խաղաղ հանգուցալուծում կստանա:

ԱԺ փոխնախագահի խոսքով՝ Հայաստանը փոխշահավետ համագործակցում է բարեկամ Հնդկաստանի հետ տարբեր ոլորտներում: Որպես գոհացուցիչ փաստ՝ նա նշել է, որ 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ գրեթե 20 անգամ աճել են արտահանման ծավալները դեպի Հնդկաստան՝ կազմելով 73,4 մլն ԱՄՆ դոլար, իսկ առևտրաշրջանառությունը երկու երկրների միջև աճել է շուրջ 2,7 անգամ:

Անդրադառնալով ոլորտային համագործակցությանը՝ Հակոբ Արշակյանն առանձնացրել է Հայ-հնդկական տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների գերազանցության կենտրոնի գործունեությունը:

Զբոսաշրջության և գործարարության զարգացման ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու տեսանկյունից կարևորվել է երկու երկրների միջեևուղիղ ավիացիոն չվերթների իրագործումը: Անդրադարձ է եղել նաև կրթության բնագավառում ուսանողների փոխանակման ծրագրերին, մասնավորապես նշվել է, որ Հայաստանում կրթություն է ստանում ավելի քան 3000 հնդիկ ուսանող: Ընդգծվել է Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի կարևորությունը և դրա միջազգային նշանակությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանք տանել Հայաստանի և Հնդկաստանի խորհրդարանների միջև 2005 թվականի Համագործակցության հուշագրի վերանայման և ընդլայնման ուղղությամբ:

Դեսպանը ևս կարևորել է հայ-հնդկական հարաբերությունների խորացումը և նշել, որ առաջիկայում Հնդկաստանի խորհրդարանում ևս կձևավորվի բարեկամական խումբը: Միջխորհրդարանական կապերի խորացման հարցում նա անհրաժեշտ է համարել բարեկամական խմբերի փոխայցերը: Կիշան Դան Դեվալը կարևորել է ԼՂ հակամարտության կարգավորումը խաղաղ բանակցությունների ճանապարհով և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:

Բարեկամական խմբի անդամները ևս նշել են, որ պատրաստ են ջանքեր ներդնել փոխշահավետ ծրագրեր իրագործելու հարցում:

Քննարկվել են երկկողմ համագործակցության նոր հեռանկարային ուղղությունները, ընդգծվել է տարբեր ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը: Անդրադարձ է եղել նաև կրթության բնագավառում ուսանողների փոխանակման մի շարք այլ ծրագրերին», – ասված է ԱԺ-ի տարածած հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ