fbpx
Քաղաքականություն

Արտահերթ ընտրությունների հարցում պատրաստ ենք քննարկումների և գործնական քայլերի․ Լիլիթ Մակունց

Մեր դիրքորոշումը չի փոխվել․ մենք հայտարարել ենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցում բաց ենք, պատրաստ ենք քննարկումների և գործնական քայլերի։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ընթանում են բանակցություններ վարչապետի և մյուս խմբակցությունների ղեկավարների միջև, վերջնականացումը կլինի առաջիկա օրերին, և հույս ունենանք, որ կքննարկենք, թե ինչ տարբերակով ենք առաջ շարժվում։ Համենայն դեպս, մենք արտահայտել ենք մեր քաղաքական կամքը՝ կոնսենսուսով գնալ արտահերթ ընտրությունների», ասել է Լիլիթ Մակունցը։

Լ․Մակունցի խոսքով, զուտ գործընթացի առումով, արտահերթ ընտրություններն ունեն իրենց ընթացակարգը, որի մասին են, իր կարծիքով, նշել ընդդիմադիր խմբակցությունները։

«Բանակցությունների ժամանակ մենք պետք է հասկանանք, որ համաձայն են արտահերթ ընտրությունների, գիտեք, որ շրջանառության մեջ ենք դրել ընտրական օրենսգիրքը, եթե առարկություններ կամ դիտարկումներ կան, պատրաստ ենք քննարկել նաև դրանք», նշել է նա։

Լիլիթ Մակունցն ընտրությունների ժամկետների վերաբերյալ որևէ բան ասել չի կարող, քանի որ դեռ պարզ չէ, թե ինչպես կընթանան ընդդիմադիր խմբակցությունների հետ բանակցությունները, և հայտնի չէ, թե այդ հարցում նրանք ինչ դիրքորոշում ունեն։ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը հաստատել է նախօրեին կառավարական ամառանոցում խմբակցության և վարչապետի հանդիպման փաստը, սակայն մանրամասներ չի հայտնել, պատճառաբանելով, որ հանդիպումը փակ է եղել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ