fbpx
Իրավական

Արտակ Զեյնալյանը Մհեր Եղիազարյանի մահվան դեպքի մասին

Մհեր Եղիազարյանի մահվան, հանկարծամահ լինելու մասին իմացել եմ, ինձ զեկուցել են՝ ամիջապես, 26.01.2019թ լուսաբացին. ցավում եմ ու ափսոսում: Ցավում եմ կյանքից հեռացած յուրաքանչյուրի համար՝ անկախ պատճառներից, հանգամանքներից ու առանց խտրականության: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

«Կրկին հայտնում եմ իմ ցավակցությունը Մհերի ընտանիքի անդամներին, հարազատներին ու բոլոր նրանց, ում ցավ է պատճառել Մհերի մահը:

Կատարվածի մասին երկու օր հետո եմ բացատրություն տալիս Ձեզ, քանզի որոշ հանգամանքներ ենթակա էին պարզման, իսկ առանց դրանց երկխոսությունս լիարժեք չէր լինի և այդ ընթացքում Արդարադատության նախարարի տեսակետները, դիրքորոշումները, արտահայտությունները կարող էին ազդեցություն ունենալ պարզման ենթակա հարցերի վրա կամ կարող էր ստեղծել տպավորություն, որ դրանք ազդեցություն են ունեցել:

Մհերը, հացադուլ հայտարարել էր 04.12.2018թ ձերբակալման փուլում, որպես բողոք՝ իր դեմ հարուցված քրեական գործի: Այսինքն, դեկտեմբերի 5-ին, երբ նա ԱԱԾ ձերբակալվածներին պահելու վայրից տեղափոխվել է Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, արդեն իսկ հացադուլի մեջ էր և մինչև հունվարի 17-ը՝ հացադուլի դադարեցնելու օրը (մինչև ստացիոնար բաժանմունք տեղափոխվելը)՝ պահվել է այդ նպատակով հատուկ առանձնացված վայրում:

Թե որքա՞ն է եղել պետական մարմինների ու պաշտոնատար անձանց ջանադրությունը, խնդրում եմ գնահատեք ինքներդ.

Հացադուլ հայտարարելուց հետո Մհերի հետ աշխատանքներ են իրականացրել քրեակատարողական հիմնարկի ավագ բուժաշխատողը և սոցիալական/հոգեբանական աշխատանքների ստորաբաժանումը:

Մասնագետների կողմից առաջին ընդունելությունը կատարվել է «Նուբարաշեն» տեղափոխվելուց 24 ժամը չլրացած՝ 06.12.2018թ (Մհերը քրեակատարողական հիմնարկ էր ընդունվել դեկտեմբերի 5-ին՝ աշխատանքային օրվա ավարտից հետո)։ Հայտարարած հացադուլի դադարեցման և խնդիրն իրավական միջոցներով կարգավորելու նպատակով բաժնի աշխատակիցները կատարել են ամենօրյա ընդունելություններ, իրականացրել են խորհրդատվական և բացատրական աշխատանքներ։ Դեկտեմբերի 6-ից հունվարի 17-ն ընկած ժամանակահատվածում հիմնարկի երկու հոգեբանների կողմից կատարվել է 35 ընդունելություն, իսկ իրավաբանի կողմից՝ 4։ Հունվարի 23-ին էլ կատարվել է ընդունելություն՝ հիմնարկի ստացիոնար մասնաշենքը սպասարկող խմբի ղեկավարի կողմից:

Մհեր Եղիազարյանը հացադուլ իրականացնելու ընթացքում ենթարկվել է բժշկական զննության՝ անհրաժեշտություն ծագելուն պես, բժշկական հսկողության ներքո գտնվել է՝ մշտական: Բժիշկը Մհերին ներկայացրել է սննդամթերքից հրաժարվելու հետևանքով առողջական վիճակի հետագա վատթարացման ռիսկերը և այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն հացադուլ իրականացնողի առողջական վիճակի չվատթարացման նպատակով:

Ի դեպ, միջազգային իրավունքի նորմերից բխում է, որ հացադուլ իրականացնող անձի նկատմամբ չպետք է կիրառվի որևէ ճնշում՝ հացադուլը դադարեցնելու նպատակով: Քրեակատարողական հիմնարկի անձնակազմն, առանց խախտելու «ճնշման» սահմանը՝ ամենօրյա աշխատանք են տարել Մհերի հետ՝ հացադուլը դադարեցնելու ուղղությամբ:

17.01.2019թ Մհերը դադարեցրել է հացադուլը և պահվելով ՔԿՀ-ում՝ գտնվել է բուժմասի բժիշկների հսկողության տակ: Մյուս մանրամասներն արդեն գիտեք, որ հացադուլից դուրս գալուց շուրջ տասն օր հետո, Մհերի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և հրավիրված շտապ օգնության բժիշկների կողմից արձանագրվել է նրա մահը: Քննչական կոմիտեն էլ, տեղյակ եք, հրապարակեց դատաբժշկական փորձաքննության արդյունքը. մահը վրա էր հասել սրտամկանի ինֆարկտի պատճառով:

Մի քանի հավելյալ տվյալ էլներկայացնեմ ՔԿՀ-ի կողմից Մհերին տրամադրված բուժօգնությունից․
1. 18.12.2018թ զննվել է նյարդահոգեբույժի կողմից,

2. 24.12.2018թ Մհերի ինքնազգացողության վատթարացման պատճառով ժամը 17:25 կանչվել է շտապ օգնություն, 17:40-ին ժամանած բուժօգնության բրիգադը ժամը 18:45-ին վերջինիս տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Իրականացվել է որովայնի օրգանների սոնոգրաֆիկ հետազոտություն. ախտաբանական փոփոխություններ չեն հայտնաբերվել։

3. 09.01.2019թ, կրկին ինքնազգացողության վատթարացման պատճառով ժամը 16:40-ին կանչվել է շտապ օգնություն: 17:15 ժամանած բուժօգնության բրիգադըժամը 17:40-ին Մհերին տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Կատարվել է սոնոգրաֆիկ հետազոտություն, էլեկտրասրտագրություն, որովայնի օրգանների ռենտգեն հետազոտություն. պաթոլոգիկ փոփոխություններ չեն հայտնաբերվել։

4. 22.01.2019թ զննվել է թերապևտի կողմից, գանգատվել է ընդհանուր թուլությունից, առաջարկվել է շարունակել հսկողությունը հիմնարկի ստացիոնար պայմաններում։

5. 25.01.2019թ ևս մեկ անգամ զննվել է նյարդահոգեբույժի կողմից, ամեն ինչ եղել է նորմայի սահմաններում՝ գիտակցությունը եղել է պարզ, կողմնորոշումը՝ ճիշտ։

Կարծում եմ, որ քրեակատարողական ծառայությունը Մհերի հացադուլի ընթացքում իրականացրել է հնարավոր ամենը՝ հացադուլի ընթացքում և դրանից հետո նրա կյանքին և առողջությանը սպառնացող վտանգները կանխելու և նվազեցնելու ուղղությամբ՝ կազմակերպելով նրա հետազոտումը և բուժօգնության իրականացումը թե՛ քրեակատարողական հիմնարկում, թե՛ քաղաքացիական բուժհաստատությունում: ՔԿՀ-ի ու նրա անձնակազմի գործողություններից ու վերաբերմունքից բավարարված են եղել նաև Մհերի ընտանիքի անդամներն ու նրա փաստաբանը: Քրեակատարողական հիմնարկներում արձանագրվող մահացության յուրաքանչյուր դեպք ցավալի է մեզ համար՝ առանց բացառության, թե ինչի արդյունքում և հետևանքով է մահը վրա հասել: Բանտային բժշկության ոլորտը բարելավելու հարցն անձամբ իմ և կառավարության օրակարգում է և ամենօրյա ուշադրության կենտրոնում:

Մեկ անգամ ևս՝ անձի կալանավորման պատճառների ու հիմքերի հետ Արդարադատության նախարարությունն առնչություն չունի և իրավունքի էությունից բխում է, որ՝ չպետք է ունենա. Նախարարությունը պատասխանատու է դատարանի որոշումը կատարելու համար»,- գրել է նախարարը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ