Կառավարություն
22:30 30/03/2020

Արտակարգ դրության հետևանքով աշխատանքը կորցրած քաղաքացիները միանվագ օգնություն կստանան

ՀՀ կառավարությունն այսօրվա` մարտի 30-ի արտահերթ նիստում ընդունեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման յոթերորդ ծրագիրը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ներկայացնելով աջակցության վեցերորդ ծրագիրը, նշեց, որ այն վերաբերում է աշխատանքը կորցրած անձանց։

«Վեցերորդ միջոցառումը վերաբերում է ՀՀ այն քաղաքացիներին, որոնք աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել մասնավոր հատվածի գործատուի հետ առնվազն 2020 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 13-ը ժամանակահատվածում, կամ այդ ընթացքում աշխատանքից ազատվելու և կրկին աշխատանքի ընդունվելու ժամանակահատվածը չի գերազանցել 3 աշխատանքային օրը, սակայն ազատվել են աշխատանքից 2020 թվականի մարտի 13-ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածը»,- ասաց նախարարը։

Բաթոյանի խոսքով՝ աջակցության տրամադրումը ենթադրում է ամսական միանվագ աջակցություն՝ ամսական նվազագույն աշխատավարձի չափով։

Սույն աջակցությունից չեն կարող օգտվել այն անձինք
1) ում աշխատանքից ազատվելուն նախորդող 2 ամիսների միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 հազար դրամը,
2) ով 2020 թվականի մարտի 30-ի (ներառյալ) դրությամբ աշխատանքային հարաբերությունների մեջ է գտնվել նաև այլ գործատուի հետ կամ նույն գործատուի հետ այլ աշխատանքային պայմանագրի հիման վրա,
3) 2020 թվականի մարտի 30-ի (ներառյալ) դրությամբ հանդիսացել է անհատ ձեռնարկատեր, ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված կարգով դադարեցված չի եղել,
4) ով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 358-Լ որոշմամբ սահմանված միջոցառման շահառու է հանդիսացել։

«Այս միջոցառման իմաստով աշխատանքից ազատման ամսաթիվ է համարվում ՊԵԿ ներկայացված աշխատանքից ազատված հայտի ամսաթիվը»,- նշեց Բաթոյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց. «Փաստորեն մենք սրանով ասում ենք, որ մեր այն հայրենակիցները, որոնք մարտի 13-ից մինչև այսօր կորցրել են աշխատանքը և այլ աշխատանք չեն գտել և մեր նախորդ ծրագրի շահառու չեն, որը վերաբերում էր անչափահաս երեխա ունենալու հանգամանքին, նրանց մենք տրամադրում ենք միանվագ օգնություն՝ նվազագույն աշխատավարձի չափով։ Եվ կարևոր է արձանագրել, որ նրանք այդ աջակցությունը ստանալու համար պետք է էլեկտրոնային տարբերակով դիմեն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը»։

Աղբյուրը` armtimes.com:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ