fbpx
Քաղաքականություն

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատգամավորները հանդիպել են իրանցի գործընկերների հետ

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը և հանձնաժողովի անդամ Տաթևիկ Հայրապետյանը նոյեմբերի 7-ին հանդիպել են Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի անվտանգության և արտաքին քաղաքականության մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մոհամմադ Ջավադ Ջամալի Նոբանդեգանիի գլխավորած պատվիրակության հետ:

Ողջունելով հյուրերին՝ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Իրանը Հայաստանի համար կարևորագույն պետություն է և կարևորագույն գործընկեր: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահն ընդգծել է միջխորհրդարանական շփումների ակտիվացման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական խորհդարանական համագործակցության զարգացմանը վերաբերող, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին ու հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր:

Խորհրդարանականները կարևորել են տարածաշրջանում անվտանգությունը և կայուն խաղաղության հաստատումը:

Խոսելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին՝ Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է հիմնահարցի կարգավորման առնչությամբ հայկական կողմի դիրքորոշումը և կարևորել հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերը:

Մոհամմադ Ջավադ Ջամալի Նոբանդեգանին նշել է, որ Իրանում հետևում են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և դրական գնահատում հեղափոխությունից հետո իրականացվող փոփոխությունները:

Հանդիպման ավարտին կողմերը կարևորել են երկու երկրների խորհրդարանականների դերը համագործակցության տարբեր ոլորտներում փոխգործակցության ակտիվացման կապակցությամբ:

Այս մասին տեղեկացնում են Ազգային ժողովի պաշտոնական կայքից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ