Մշակույթ

Արտաշատի երաժշտական դպրոցում կանցկացվեն վարպետության դասեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ Արարատի մարզպետարանի հետ համատեղ «Տաղանդավոր երիտասարդների զարգացման» հիմնադրամն Արարատի մարզում կներկայացնի «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագիրը», որի նպատակն է ամուր հիմքեր ստեղծել օպերային կատարողական արվեստի լավագույն ավանդույթների պահպանման,​ զարգացման, տարածման և հանրահռչակման համար:

Ծրագրի շրջանակում դեկտեմբերի 5-ին՝ ժամը ​13։00-ին, Արտաշատի երաժշտական դպրոցում ՀՀ վաստակավոր արտիստ Իրինա Զաքյանի և ծրագրի ղեկավար Լևոն Ջավադյանի կողմից կանցկացվեն վարպետության դասեր, որին կմասնակցեն Արարատի մարզի երաժշտական և արվեստի դպրոցների աշակերտները:

Վարպետության դասերը նպատակ ունեն մարզերում ապահովել և կայունացնել կրթության և​ մշակույթի անխզելի կապը, ակադեմիական երաժշտության առանձնահատկություններն ու կատարողական յուրահատկությունները փոխանցելու միջոցով` փոխկապակցել այդ բաղադրիչները:​ Մարզերի լավագույն կատարողներին հաղորդակից դարձնել ժամանակակից վոկալ-կատարողական արվեստի հմտություններին, նպաստել փորձի փոխանակմանը և մարզերում ստեղծել միջմշակութային փախանակումների նոր հարթակ:

Վարպետության դասերը կնպաստեն Արարատի մարզի երաժշտական ​դպրոցների ծրագրերը բազմազան դարձնելուն՝ փոխանցելով ակադեմիական և ծրագրային նոր վոկալ ստեղծագործություններ, ակտիվացնելու մարզային մշակութային կյանքը՝ ստեղծելով դասական օպերային արվեստը արժևորող և կենսընթացի մաս դարձնող հասարակություն։ Վարպետության դասերի ընթացքում բացահայտված նոր տաղանդները կընդգրկվեն Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Երիտասարդական օպերային ծրագրի» կազմում և հնարավորություն կունենան օպերային դերերգեր ստանալ հայ օպերային թատրոնում, ինչպես նաև ելույթ ունենալ Հայաստանի և աշխարհի լավագույն բեմերում:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի մենակատարների մասնակցությամբ դեկտեմբերի 5-ին` ժամը 15:00-ին, Արտաշատի երաժշտական դպրոցում տեղի կունենա դասական երաժշտության համերգ: Կհնչեն ​արիաներ և ռոմանսներ հայ, ռուս​ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններից։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ