fbpx
Զինված Ուժեր

Պատերազմից դրվագներ կային, որոնք նման էին Սումգայիթի ջարդերին. Արթուր Կարապետյան

Մարտական գործողությունների ժամանակ Արթուր Կարապետյանն արդեն իսկ գտնվում էր Հադրութում՝ ժամկետային զինծառայող էր։  Զինակից ընկերներից մեկն ուշ երեկոյան ընկերներին հայտնել է սկսվող պատերազմի լուրը։ «Երբ Հադրութում էինք, սեպտեմբերի 26-ի ուշ երեկոյան մեր ընկերներից մեկը հրամանատարական կազմից տեղեկացել էր, որ գիշերը պատերազմ է սկսվելու։ Որոշեցինք ևս մեկ անգամ համոզվել։ Մոտեցանք մեր լեյտենանտին, ով ասեց, որ տեղեկությունը հերքվել է և կարող ենք հանգիստ քնել։ Վերադարձանք, բայց լույս 27-ի գիշերը երեքն անց կեսին հնչեց տագնապ։ Մոտ երեք ժամ կանգնած ենք եղել դիրքերում, որին հաջորդեց հերթափոխը։ Հանգստանալու ժամանակ լսեցի դղրդոցի ձայներ ու վեր կացա տեղիցս։ Պատերազմն արդեն սկսվել էր»,- պատմում է Արթուրը։

Պատերազմի ընթացքում Արթուրն ու ընկերը հրաշքով են փրկվել։ 11 ժամ անդադար կրակոցներից հետո 82 մմ-անոց ականը ընկել է նրանցից ընդամենը 2 մետր այն կողմ։ Այս մասին ժամկետային զինծառայողը կիսվեց,- «Լսեցի ընկերոջս ձայնը։ Ասում էր՝ Արթ, մտի փոսը։ Հետո ուրիշ ոչինչ չեմ հիշում՝  ինչպես պայթեց ականն ու  ինչպես մենք զերծ մնացինք խորը վիրավորումներից»։ Պատմեց նաև, թե ինչպես են մյուս զինակից ընկերները կարծել, թե մահացել են։ Փորձել են կապվել հրամանատարների հետ՝ հայտնելու համար ցավալի լուրը, բայց այդ ժամանակ Արթուրն ու ընկերը դուրս են եկել թաքստոցից և զինծառայողներն էլ չհայտնեցին արդեն սխալ լուրը։  Շարքային զինծառայողի համար պատերազմական ամենաուժեղ հատվածն էլ հենց սա է եղել, երբ ընկերոջ հետ հայտնվել է մի տեղ, որտեղից անհնարին էր թվում ազատվելը։ Արթուրը ծառայել է 120-րդ ականանետային մարտկոցում։ Խոցել են 5 տանկ, 2 ԲՄՊ, 3 ԱԹՍ և մեծ վնասներ են հասցրել Շուքուրբելի քաղաքին, ինչպես նաև կանխարգելել են մի շարք դիվերսիոն հարձակումներ և ոչնչացրել են հակառակորդի մի շարք տեխնիկաներ։

Մեկ ամիս հետո իրենց ստորբաժանումով մեկնել են Մարտունու շրջանի Ճարտար քաղաքն ու կռիվը շարունակել այնտեղ։ Պատերազմն անցած մարդիկ բազմաթիվ անգամներ են փրկվել մահից, բազմաթիվ անգամներ նայել են մահվան աչքերին ու շրջանցելով բոլոր տեսակի վախերն ու կասկածները քայլել են առաջ։ Եթե ստացվում է մի փոքր հանգստանալ ու ուժ հավաքել, նրանցից ոմանք երգում են, ոմանք պարում, ոմանք էլ Արթուրի պես որոշում են գրի առնել ամեն մի դիպվածը։ «Երբ շատ դեպքերի ականատես ես դառնում, այն էլ պատերազմական, ցանկանում ես կիսվել, զրուցել ինչ-որ մեկի հետ։ Ցանկանում ես գրել, որ այդ ամենը մնա հիշողությանդ մեջ։ Ու այդ ժամանակ էլ մտածեցի, որ կարելի է գրի առնել այդ ամենն ու հնարավորության դեպքում դրանք դարձնել պատմվածքներ»,- այսպես կիսվեց զինվորը։

Զրույցի ընթացքում Արթուրն առանձնացրեց մի քանի դրվագներ, որոնցից իր համար ամենասարսափելին Հադրութի հանձնումն էր։ Արդեն իսկ հոկտեմբերի 20-ին Ջրականն (Ջաբրայիլ) այլևս մերը չէր։ Հոկտեմբերի 24-ին Վարանդայի (Ֆիզուլիի) մի մասը գտնվում էր հակառակորդի ձեռքում։ Վարանդայի ամբողջական գրավումը սարերի ետևում չէր, և քանի որ վերջինն աշխարհագրական տեղաբաշխմամբ գտնվում է Հադրութի դիրքերի ետևում, պահում էր Հադրութի դիրքերը։ Վարանդայի ամբողջական գրավումից հետո էլ հակառակորդին հաջողվում է հեշտությամբ շրջափակման մեջ վերցնել Հադրութն ու գրավել այն։ Արթուրն ասում էր, որ այդ դրվագները կարծես պատառիկներ լինեին Սումգայիթի ջարդերից,- «Հոկտեմբերի 27-ին ժամը 21:40 Հադրութը հանձնել ենք հակառակորդին և հեռացել այդտեղից։ Երբ քայլում էինք առաջ ու շրջվում տեսնում, թե ինչ ենք տվել հակառակորդին, թշնամուն ափսոսում էինք։ Այդ օրը կարծես լուսինը մեր կողմից լիներ՝ իր լուսավորությամբ թույլ էր տալիս առանց ավելորդ լույսերի քայլել առաջ, չէինք միացնում լույսեր, որոնք հեշտությամբ հակառակորդի ուշադրությունը կգրավեին մեր կողմը։ Մոտավորապես 50 կմ պետք է քայլեինք։ Ճանպարհին մարդիկ կային, ովքեր ամբողջությամբ ուժասպառ էին եղել և չէին կարողանում առաջ շարժվել, խնդրում էին ջուր և մի կտոր հաց։ Իրականում շատ ծանր պահեր էին։ Մարդիկ կային, որ թուլանում էին, ինքնազգացողությունն էր թուլանում, այլ խնդիրներ էին առաջանում։ Կային նաև մարդիկ, ովքեր բարձր ձայնով գոռում էին կամ ունենում էին հոգեկան շեղումներ»։

Պատերազմի վերջում էլ շատ ուժեղ կռիվ էր ընթանում ինչպես Շուշիում, այնպես էլ Ճարտարում։ Արդեն նոյեմբերի 9-ին կրակոցները դադարել էին։ Զինվորները մի պահ զարմացել էին, չէին հավատում, բայց այդ իրավիճակն անցավ, երբ տեղեկացան, որ պատերազմն ավարտվել է։ Իսկ հարցին, թե ինչ զգացին, երբ իմացան, որ բազմաթիվ տարածքներ հանձնվել են հակառակորդին, Արթուրը պատասխանեց,- «Սկզբից շատ վատ ընդունեցինք այդ լուրը, բայց երբ հանգստացանք՝ փորձեցինք վերլուծել։ Արդյունքում հասկացանք, որ միգուցե այս պարագայում ճիշտ որոշումը միայն սա է եղել։ Երբ կռիվը վերջացավ ու անցնում էինք Շուշիի կողքով տեսանք, որ բերդի վրա կախված է ադրբեջանական դրոշը։ Ցավալի էր միանշանակ։ Հոգումս խառնաշփոթ էր ստեղծվել ու ես ինձ անդադար մեկ հարց էի տալիս՝ ինչո՞ւ…»։

«Ես հայ եմ ու ամեն պահի պատրաստ եմ վերադառնալ կռվի դաշտ, պատրաստ եմ  կանգնել զինվորի կողքին։ Ու պատճառն ոչ միայն իմ հայ լինելն է, այլ նաև այն, որ ես այնտեղ ունեմ ընկերներ, որովհետև ես կռվել եմ ու այդ ամենը զգացել եմ իմ մաշկի վրա ու հասկանում եմ, թե ինչերի միջով են անցել»,- հենց այս տողերով էլ ավարտվեց մեր զրույցն Արթուրի հետ։

 

Լիլիա Ալավերդյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ