Արթիկ քաղաքի ՀՅԴ «Թաթուլ Կրպեյան» կոմիտե են դիմել տեքստիլ արդյունաբերության «Սասստեքս» ՍՊԸ-ի 23 նախկին աշխատողներ՝ իրենց աշխատանքային իրավունքների պաշտպանության խնդրով:
Այս առնչությամբ, «Հրայր Մարուխյան» հիմնադրամի աջակցությամբ գործող աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«2020թ. փետրվարի 1-ին «Թաթուլ Կրպեյան» կոմիտեի նախաձեռնությամբ «Սասստեքս» ՍՊԸ-ի նախկին աշխատողները հանդիպեցին Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում մասնակիցները ներկայացրեցին իրենց աշխատանքային իրավունքների ենթադրյալ խախտումները և ստացան անհրաժեշտ իրավական խորհրդատվություն: Միաժամանակ, հանդիպման մասնակիցները լիազորեցին Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի փաստաբանին՝ իրենց աշխատանքային իրավունքների հետագա պաշտպանությունն ապահովելու նպատակով:
Հարկ է նաև նշել, որ հանդիպման ընթացքում տեղի ունեցած քննարկումների և առկա փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքում՝ Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակը արձանագրել է այդ քաղաքացիների վարձատրության իրավունքի հնարավոր խախտման մի շարք փաստեր:
Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակը, մինչև դատական կարգով իր վստահորդների իրավունքների պաշտպանությունը, առաջիկայում դիմելու է «Սասստեքս» ՍՊԸ-ի տնօրենին՝ բանակցությունների միջոցով փաստագրված խնդիրների լուծման նպատակով»: