Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամն ամուսնալուծվել է: Datalex տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ մարզիկի կինը՝ Մերի Աբրահամյանը, հայց է ներկայացրել դատարան` ընդդեմ Ավետիք Գրիգորի Աբրահամյանի` ամուսնալուծության, 3-ամյա Գրիգոր Ավետիքի Աբրահամյանի բնակության վայրը՝ համաձայն նոտարական կարգով 12.01.2018թ. վավերացված համաձայնության, մոր բնակության վայրը սահմանելու, 06.10.2017թ. նոտարական կարգով վավերացված երեխային պահելու համար ապրուստի միջոցները հոգալու կարգի և այդ միջոցների չափի մասին համաձայնությունը հաստատելու պահանջների մասին:
Ընտանեկան անախորժությունների պատճառով կողմերը դադարեցրել են ամուսնական հարաբերությունները և համատեղ տնտեսություն չեն վարում: Սկզբնապես երեխան բնակվել է մոր հետ, իսկ հայրը պարբերաբար տեսակցել է նրան:
13.02.2018թ. երեխայի հետ հերթական տեսակցությունից հետո հայրը երեխային մորը չի վերադարձրել և առանց մոր համաձայնության՝ երեխայի հետ մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:
Արթուր Աբրահամի ներկայացուցիչը դատարանին հայտնել է, որ իր վստահորդը չի առարկում ամուսնալուծության պահանջի դեմ, նշել է, որ Աբրահամը երեխայի հետ գտնվում է Գերմանիայում, ավելացրել է, որ սույն գործով դատարան չի ներկայացվել երեխայի ծննդյան վկայականը, ուստի երեխայի նկատմամբ հայցվորի մայրությունը հաստատված չէ, չկա եզրակացություն և երեխայի կյանքի պայմանների հետազոտության ակտ, ուստի երեխայի բնակության վայրը մոր բնակության վայրը սահմանելու և ալիմենտային համաձայնությունը հաստատելու վերաբերյալ հայցապահանջները ենթակա են մերժման: