fbpx
Իրավական

Արթուր Դավթյանն ընդունել է ապօրինի որդեգրման գործով տուժած քաղաքացիներին

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է ապօրինի որդեգրման գործով տուժող ճանաչված 6 քաղաքացիների, որոնք ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև բողոքի ակցիա էին իրականացնում: Երեխաների ապօրինի որդեգրման գործերով տուժած մայրերը պահանջում էին անհապաղ կալանավորել «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին և փոխտնօրեն Արշակ Ջերջերյանին:

«Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության պետ Արթուր Չախոյանը և վարչության պետի տեղակալ Մնացական Շահգալդյանը ընդունել են գործով տուժող ճանաչված 6 քաղաքացիների»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Հանդիպումից հետո, ակցիայի կազմակերպիչներից մեկը՝ գործով տուժած Հայկուհի Խաչատրյանը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատախազները վստահեցրել են, որ գործն օբյեկտիվորեն քննվելու է, և իրենց նպատակը գործի բացահայտումն է:

Ակցիայի կազմակերպիչն ասաց, որ մասամբ բավարարված է հանդիպման արդյունքներից: Հայկուհի Խաչատրյանը հայտնեց նաև, որ իրենք պատրաստվում են բողոքի ակցիա կազմակերպել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի մոտ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ