fbpx
Սպորտ

Աշխարհի գավաթ․ 6 հայ շախմատիստներից պայքարի մեջ է մնում միայն 1-ը․ 2 շրջանների ամփոփումը

Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում շարունակվում է շախմատի Աշխարհի գավաթի խաղարկությունը։ Մրցաշարում երեկ ավարտվեցին 2-րդ շրջանի լրացուցիչ պարտիաները։ Արդյունքում՝ հայազգի շախմատիստներից պայքարի մեջ մնաց միայն հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը։

Մրցաշարի ամենասկզբում կային 6 հայ շախմատիստներ, որոնցից Հայաստանը ներկայացնում էին 4-ը՝ Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Սերգեյ Մովսիսյանն ու Լևոն Արոնյանը։ Գրիգոր Սևակ Մխիթարյանը ներկայացնում էր Բրազիլիան, իսկ Սամվել Սևյանը՝ ԱՄՆ-ն։

Ռոբերտ Հովհաննիսյանն ու Արման Փաշիկյանը պայքարից դուրս մնացին արդեն շրջանի դասական պարտիաների արդյունքներով։ Նրանք խաղերից մեկն ավարտեցին ոչ-ոքի, իսկ մյուսում պարտություն կրեցին ու պարտվեցին նաև ընդհանուր դիմակայությունում։ Առաջին շրջանից դուրս մնաց նաև Գրիգոր Սևակ Մխիթարյանը, ով ոչ-ոքի խաղաց 2 դասական պարտիաներում էլ, սակայն ավելի թույլ գտնվեց արագ շախմատի լրացուցիչ պարտիաներում և նույնպես չտեղափոխվեց 2-րդ շրջան։

Այսպես, մրցաշարի առաջին շրջանի արգելքը հաղթահարեցին հայազգի 3 շախմատիստ՝ Արոնյանը, մովսիսյանը, ովքեր ներկայացնում էին Հայաստանը, և Սևյանը, ով ներկայացնում էր ԱՄՆ-ն։

2-րդ շրջանի առաջին պարտիայում Արոնյանը կարողացավ հիանալի հաղթանակ տոնել Սևերով Իրանը ներկայացնող Մաղսուդլու Փարհամի նկատմամբ, որից հետո պատասխան պարտիայում մեր շախմատիստին բավարարում էր նույնիսկ ոչ-ոքին։ Արդյունքում՝ Արոնյանը սպիտակներով խաղաղ դաշինք կնքեց մրցակցի հետ ու, հաղթելով ընդհանուր դիմակայությունում, անցավ մրցաշարի 3-րդ շրջան։

Մովսիսյանը և Սևյանը գործը մի փոքր բարդ էր, քանի որ նրանց բաժին էին հասել աշխարհահռչակ փորձառու շախմատիստները։ Մովսիսյանը մրցակիցը միջազգային վարկանիշով աշխարհում 3-րդ տեղը զբաղեցնող Դինգ Լիրենն էր, իսկ Սևյանին ռուս Սերգեյ Կարյակինը։

Սևյանը, ցավոք, պարտություն կրեց և՛ սև, և՛ սպիտակ քաղաքարերով անցկացրած դասական պարտիաներում ու դուրս մնաց պայքարից։

Չնայած նրան, որ Մովսիսյանը նույնպես պարտվեց ընդհանուր դիմակությունում, բայց գլուխը բարձր կհեռանա մրցաշարից։ Նրան հաջողվեց դասական պարտիաներում ոչ-ոքիներ կորզել Լիրենից (նշենք, որ որոշ դիրքերում Մովսիսյանը կարող էր որոշիչ առավելություն ստանալ), բայց հայ շախմատիստը անհաջող մեկնարկեց լրացուցիչ պարտիաներում ու մի քանի սխալ քայլերից հետո առաջին խաղում անձնատուր եղավ։ Պատասխան պարտիայում Մովսիսյանը սպիտակներով էր, բայց չկարողացավ իրացնել առաջին քայլ անելու առավելությունը ու խաղի 79-րդ քայլում, երբ խաղատախտակին կատարյալ հավասար դիրք էր ստացվել, կողմերը համաձայնվեցին ոչ-ոքի։ Արդյունքում՝ Աշխարհի գավաթի համար պայքարը լքեց նաև Սերգեյ Մովսիսյանը։

Նշեմ, որ 3-րդ շրջանի առաջին պարտիաները կկայանան այսօր։ Արոնյանին բաժին է հասել ռուս գրոսմայստեր Մաքսիմ մատլակովը։

Նյութի հեղինակ՝ Հարություն Ստեփանյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ