Ռազմագետ, «Հայոց հզոր բանակ» ՀԿ հիմնադիր-նախագահ Կարեն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Թուրքիայում տևական ժամանակ է ինչ բոլորի հայացքները սևեռված է Էրդողանի գործողություններին: Նա խոստացել էր փոփոխություններ մտցնել ինչպես «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կառավարման, այնպես էլ երկրի կառավարաման մեջ: Այս հայտարարությունը կատարվեց Ստամբուլի և Անկարայի քաղաքապետերի պաշտոններն իշխող կուսակցությունից ընդդիմադիր կուսակցությանն անցնելուց հետո:
Բայց մինչ այդ փոփոխությունները, Էրդողանը, ակնհայտորեն, նախընտրեց նախ այլախոհներին դուրս հանել կուսակցությունից: ԱԶԿ-ն այդ կուսակցությունից դուրս հանելու համար, կամ ինչպես իրենք են ասում՝ վտարելու համար, կարգապահական հանձնաժողովին են դիմում նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուին, ԱԶԿ-ից նախկին օրենսդիրներ Այհան Սեֆեր Ույստույնին, Սելչուկ Օզդաղին և Աբդուլլահ Բաշչին կուսակցությունից հեռացնելու հարցով: Կուսակցությունից հեռացնելու համար նաև կային Անկարայի և Ստամբուլի նախկին քաղաքապետեր Նեդիմ Յամալինի և Սելիմ Թեմուրչինի անունները:
Էրդողանը Քոնիում ելույթ ունենալով, որը Դավութօղլուի հայրենի քաղաքն է, ազդարարեց այդ քաղաքական գործիցչներից կուսակցությունը մաքրելու քայլի մասին, քանի որ, ըստ Էրդողանի, ԱԶԿ-ն այլևս չի կարող քայլել ԱԶԿ-ի քաղաքական ոգին կորցրած անդամների հետ: Ըստ ԱԶԿ պաշտոնյաների` Դավութօղլուիի պաշտոնաթողությունը կամ կուսակցությունից վտարելն անհրաժեշտ է դարձել նրա շարունակական կարգավիճակի պատճառով, քանի որ ԱԶԿ-ի այդ անդամը կարող էր վնաս հասցնել կուսակցության ամբողջականությանը և հանգեցնել ավելի թուլացման: Պաշտոնյաներն ընդգծում են, որ նրանք վաղուց սպասում էին Դավութօղլուի հրաժարականին ԱԶԿ-ից, ինչպես դա արեց Ալի Բաբաջանը, երբ նա որոշում կայացրեց Էրդողանի հետ չհամաձայնվելու որոշ հարցերում:
Ակնկալվում է, որ Դավութօղլուն և նրա ընկերները կսկսեն նոր քաղաքական կուսակցություն ձևավորելու գործընթացը՝ ԱԶԿ-ից հետո, իսկ դա, հավանաբար, կլինի հոկտեմբեր կամ նոյեմբեր ամիսներին: Ամեն դեպքում, ակնկալվում է, որ Դավութօղլուի թիմը կփորձի միավորվել Բաբաջանի և Աբդուլլահ Գյուլի հետ, որոնք նույնպես հայտարարել են նոր կուսակցության ստեղծման մասին մինչև այս տարվա ավարտը:
Թվում է, թե Էրդողանը կարող է բավարարվել այս փոփոխություններով, սակայն պաշտոնական կուլիսներում խոսում են, որ փոթորիկը դեռ առջևում է: Նախատեսվում է ամբողջությամբ փոփոխության ենթարկել ԱԶԿ ղեկավար կազմը, մասնակի փոփոխության ենթարկել կառավարության կազմը: Էրդողանն արդեն հանձնարարել է լավագույն քաղաքագետներին, որպեսզի դասընթացներ անցակացնեն կուսակցության անդամների հետ և իրազեկեն որպես կուսակից իրենց պարտականությունների և հիմնարար սկզբունքների մասին: Էրդողանը, որպես ԱԶԿ-ի առաջնորդ, հանդուրժողականություն չունի որևէ այլախոհ քայլ կատարողի նկատմամբ: Նա կարծում է, որ այլախոհությունն իր ազդեցության և դիրքի թուլացնումն է: Նույնիսկ նա հայտարարել է, որ այլախոհների հեռացումը կուսակցությանը կուժեղացնի: Դավութօղլուի և այլ այլախոհների դեմ գործողությունները, Դիարբեքիրի, Վանի և Մարդինի քաղաքապետերի պաշտոնանկությունը, պարզ ազդանշաններ են այն մասին, որ Թուրքիան կարող է նոր ռազմական գործողություն իրականացնել Սիրիայի ներսում, չնայած Միացյալ Նահանգների ընդդիմությանը: Սա Էրդողանի կողմից ձեռնարկված վերջին քայլերից մեկն է, որպեսզի ապացուցի, որ իր կառավարությունը դեռ ուժեղ է և ունակ: Ինչպես վերևում նշեցի, ԱԶԿ-ի ղեկավար կազմն ամբողջությամբ, իսկ կառավարության կազմը մասնակի, կենթարկվեն փոփոխության: Կառավարությունում իրենց պորտֆելները կպահպանեն Էրդողանին առավել հավատարիմ նախարարները, ինչպիսիք են Էկոնոմիկայի նախարար Բերաթ Ալբայրակը, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, մնացածը կփոխարինվեն հանրությանը քիչ ավելի ծանոթ անուններով: Այս փոփոխությունը տեղի կունենա խորհրդարանի աշնանային նստաշրջանի մեկնարկից հետո, քանի որ, ըստ օրենքի, նախարարները պետք է երդվեն խորհրդարանում: Աշունը Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականության համար բավականին թեժ է լինելու»:
https://www.facebook.com/kilkiahayastan/posts/877221282657814
