Դանիացի հայտնի երգիչ Թոմաս Ն՛Էվերգրինը, որն աշխարհին հատկապես հայտնի է Since You’ve Been Gone եւ Everytime I See Your Smile երգերով, առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանում: Տեւական ժամանակ Ռուսաստանում իր գործունեությունը ծավալող երաժիշտը Yerevan Music Night միջոցառման հատուկ հյուրն է լինելու: Սեպտեմբերի 14-ին Շառլ Ազնավուրի հրապարակում կայանալիք համերգային ծրագրին Ն՛Էվերգրինը կերգի իր խմբի ուղեկցությամբ:
«Հայաստանում լինելու ենք մեր ամբողջական բենդով, եւ մենք պատրաստ ենք այս սպասված հանդիպմանը»,-ասում է երաժիշտը՝ հավելելով, որ միանգամից ու սիրով է ընդունել Երեւանում ելույթ ունենալու հրավերը.
«Ես երբեք չեմ եղել Երեւանում եւ մեծ ոգեւորությամբ եմ սպասում իմ այցին»:
Ի դեպ, հանրահայտ երգիչը վերջերս Յուրմալայում հնարավորություն է ունեցել ծանոթանալու Սիրուշոյի հետ. տպավորված է նաեւ այդ հանդիպումից.
https://www.facebook.com/sirushomusic/videos/358472458164277/?t=2
«Սիրուշոյին գիտեի՝ որպես արտիստի, նա հրաշալի երգչուհի է, բայց նախկինում չէինք հանդիպել: Գեղեցիկ անձնավորություն է, որը փայլում է նաեւ հումորի զգացումով»,-ասում է երգիչը, որը Հայաստան բերելու է իր ամենահայտնի հիթերը՝ Since You’ve Been Gone, Everytime I See Your Smile, I Play For You, Ay, Ay, Ay, Just Another Love Song եւ այլն: Արտիստը նշում է,որ դեռ չգիտի՝ կոնկրետ քանի երգ կհնչեցնի հայ երկրպագուների համար, բայց վերը նշված հիթերը անպայման ընդգրկված կլինեն երգացանկում:
«Ընդամենը մի քանի օր ենք լինելու Երեւանում, բայց հուսով եմ՝ համերգից հետո կկարողանանք տեսնել ձեր գեղեցիկ քաղաքը»,-զրույցի վերջում հավելեց նա:
