Հասարակություն
10:27 01/10/2019

Աշխարհն առանց Ազնավուրի․ անցյալ տարի այս օրը շանսոնյեն հեռացավ կյանքից

Լրացավ 1 տարին, ինչ լեգենդար շանսոնյե, Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրը այլևս մեզ հետ չէ: Նա կյանքից հեռացել է 2018 թ. հոկտեմբերի 1-ին 94 տարեկան հասակում:

1 տարի առաջ ցավալի լուրն անմիջապես տարածվեց ողջ աշխարհում: Այդ մասին գրում էին միջազգային խոշոր պարբերականները:

Ազնավուրի հոգեհանգստի արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 5-ին «Հաշմանդամների պալատում»: Ներկա են եղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, նախկին նախագահներ Նիկոլա Սարկոզին և Ֆրանսուա Օլանդը, վարչապետ Էդուարդ Ֆիլիպը, ինչպես նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամենայն հայոց կաթողիկոսը:

«Այս անունը 2018 թ. հոկտեմբերի 1-ին մի պահ կանգնեցրեց երկիր մոլորակի և միջազգային կյանքի ընթացքը՝ մի անամոքելի թախիծ վրձնելով հարյուր միլիոնավոր մարդկանց դեմքերին՝ իր վերջին և ամենազանգվածային աֆիշը թողարկելով աշխարհի առաջատար լրատվամիջոցների առաջին էջերին. «94 տարեկան հասակում մահացել է Շառլ Ազնավուրը»»,-ասել էր Փաշինյանը:

Մակրոնն իր հերթին ասել էր․ «Մենք սովորել ենք, որ այս մարդը միշտ ներկա պետք է լինի մեր կյանքում և մեզ բոլորիս միավորի»:

Արտիստը հանգչում է Մոնֆոր Լամորի համայնքի 12-րդ դարի վանքի տարածքում գտնվող ընտանեկան դամբարանում:

Ազնավուրի վերջին ուղևորությունը Հայաստան եղել է 2017 թ. մայիսին: Նա մասնակցել է մի քանի միջոցառումների: Ներկա է եղել 2017 թ. «Ավրորա» մրցանակաբաշխությանը, իրեն նվիրված «Լա Բոհեմ» բալետային ներկայացմանը և կրկին իրեն նվիրված «Քեզ համար, Ազնավո՛ւր» համերգին: 2018-ի հոկտեմբերին նախատեսված էր նրա հերթական այցը Հայաստան Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ