fbpx
Հասարակություն

Աշխատել ենք՝ միշտ հիմնառանցք ունենալով օրենսդրական կարգավորումները․ Մուկուչյան

«Հանրաքվեի մասին» օրենքով սահմանված է դրույթ, որով սահմանված են հանրաքվեի անցկացման ժամկետի սկիզբ և ժամկետի ավարտ՝ 50-65 օր. թե կոնկրետ որ օրը կնշանակվի, դա արվում է ՀՀ նախագահի կողմից: Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Նա ասաց, որ քվեաթերթիկի վրա պետք է նշվի հարցը, պետք է նշվի «կողմ» և «դեմ» նշումներ կատարելու հատվածները:

Հարցին, թե ինչպես է աշխատում ժամանակին իրեն սուր քննադատության ենթարկած վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ հաշվի առնելով, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեպքում նա համարվում է նախորդ ռեժիմի ներկայացուցիչ, նաև մեղադրվում է ընտրակեղծիքների հայր լինելու մեջ, Մուկուչյանը նշեց, որ ԿԸՀ-ն անկախ հանձնաժողով է, որի կարգավիճակը սահմանված է Սահմանադրությամբ և Ընտրական օրենսգրքով:

«Կա ընտրական օրենսգիրք, որի կանոնակարգումներին համապատասխան մենք կազմակերպում ենք ընտրական գործընթացը: Ինչպիսին այդ կանոնակարգումներն են, դրան համապատասխան էլ կազմակերպվում է ընտրական գործընթացը»,-նշեց նա։

Հարցին, թե ինքն անկախ է եղել նաև նախորդ իշխանությունների օրո՞ք, ԿԸՀ նախագահն արձագանքեց. «Մենք աշխատել ենք՝ միշտ հիմնառանցք ունենալով օրենսդրական կարգավորումները»:

Նշենք, որ Տիգրան Մուկուչյանը այսօր ԱԺ-ում հանդիպում է ունեցել պետաիրավական հանձնաժողովի անդամների, նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ