fbpx
Հասարակություն

«Ասիական Հիտլեր»․ Կամբոջայի պատմության ամենասարսափելի բռնապետը

Շատերը նրան համարում են «Ասիական Հիտլեր»:

Նկարում պատկերված է Հարավարևելյան Ասիայի ամենասարսափելի կոմունիստ կերպարներից մեկը՝ Կամբոջայի բռնապետ Պոլ Պոտը: Պոլ Պոտը կամ Սալոր Սատը համարվում է Կամբոջայի պատմության ամենասարսափելի բռնապետը:

Պոտը ծնվել է 1925թ. Պրեքսբաուվայում կղմերական ընտանիքում: Դեռևս վաղ հասակից նա տեղափոխվել է Պնոմպեն, որտեղ և սկսել է հետաքրքրվել բուդդիզմով: Մեծանալով գյուղական ընտանիքում՝ նա չի կարողացել հասկանալ և ընդունել այնպիսի զարգացած քաղաքների կյանքի մշակույթը, ինչպիսիք Պնոմպենն և Սայգոնն էին:

Ավելի ուշ Սայգոն կատարած իր այցելության տպավորություններով կիսվելիս՝ Պոտը նշել էր, որ այնտեղ իրեն զգում էր սև կապիկ, որը նոր էր իջել սարերից: Կամբոջայի քաղաքական էլիտան ատելությամբ էր լցված իր հարևան երկրների ժողովուրդների հանդեպ: Այն խուսափում էր մշակութային էքսպանսիայից: Պոլ Պոտն այդ ամենի մարմնավորումն էր:

Ուսանողական տարիները Ֆրանսիայում անցկացնելուց հետո նա 1953թ. վերադարձավ Կամբոջա և միացավ ընդհատակում գործող «Կարմիր քմերներ» կոմունիստական խմբավորմանը: Նրանք պարտիզանական պայքար մղելով պետք է հեռացնեին գործող իշխանությանը: 1975թ. նրանք զենքով գրավեցին մայրաքաղաք Պնոմպենը: Իշխանության եկած նոր ուժերը երկրում ցանկանում էին այնպիսի սոցիալիստական հեղափոխություն իրականացնել, որի նախադեպն աշխարհում դեռ չէր եղել: Իշխանության գալուց հետո Պոտը հրամայեց Պնոմպենի և այլ խոշոր քաղաքների բնակիչներին ամբողջությամբ տեղափոխել մարզեր: Սկսվեց Կամբոջայի հասարակության մասնատման գործընթացը: Ընդամենը երեք օրվա ընթացքում Պնոմպենի երկու միլիոնանոց բնակչությունը տեղափոխվեց գյուղական համայնքներ: Բնակիչներին կտրում էին իրենց ընտանիքներից, ընկերներից և այլ կապերից:

Պոլ Պոտը բուդդիզմը հայտարարեց օրենքից դուրս: Նա ընդհանրապես ցանկանում էր գյուղական համայնքներ տեղափոխված քաղաքացիների համար նոր պատմություն գրել: Պետք էր ամեն ինչ անել, որպեսզի քաղաքացիները գյուղական համայնքներում նոր կյանք սկսեին՝ մոռանալով իրենց անցյալը: Որոշ ժամանակ անց նույնիսկ երկրի անունը փոխվեց: Այն սկսեց անվանվել Կամպուչիա:

Այնուհետև նա քաղաքացիներին տեղաբաշխեց ամբողջ երկրի գյուղական համայնքներով մեկ: Նրանք պետք է բրինձ աճեցնեին և կառուցեին ամբարտակներ հեղափոխության համար: «Կարմիր քմերների» գյուղացիները քաղաքից եկածներին որպես թշնամի էին դիտարկում: Շատերի համոզմամբ՝ իսկական կամբոջացիները գյուղացիներն էին: Երկրում ռասիզմի մթնոլորտը գերակշռում էր: Բռնաճնշումների էին ենթարկվում նրանք, ովքեր բաց գույնի մաշկ ունեին: Այն մարդիկ, ովքեր մուգ գույնի մաշկ ունեին համարվում էին բրձի դաշտերում չարչարվող սովորական գյուղացիներ, որոնք աշխատանքի ժամանակ արևահարվել էին: Դա էլ իր հերթին նշանակում էր, որ տվյալ անձիք հեղափոխության ջատագովներ էին: Քաղաքացիները ստիպված էին 12-16 ժամ աշխատել բրնձի դաշտերում, ինչպես նաև ամբարտակներ կառուցել: Շատ դեպքերում մարդկանց ստիպում էին աշխատել մինչև վերջիններս ուժասպառ կլինեին:

«Կարմիր քմերները» յուրահատուկ կարգախոս ունեին. «Պահել առանց ծախսերի և ոչնչացնել անվերապահ»: Խոսքը, բնականաբար, վերաբերում էր մարդկանց: Ընդհանրապես մարդկային կյանքը վերջիններիս համար որևէ արժեք չուներ: Գերիները հասկանում էին, որ եթե իրենցից օգուտ չլինի, ապա մահն անխուսափելի է: Ամբողջ երկրում թև էր ածում վախի և տեռորի մթնոլորտը: Ժամանակակիցներից մեկը նշում է, որ դաշտում աշխատելիս զինյալներից մեկն առանց պատճառի գնդակահարել է աշխատողներից մեկին:

Այնուամենայնիվ, պատմաբաններից շատերը նշում են, որ Պոտի զոհերի գերակշիռ մեծամասնությունը ծեծի և սովի հետևանք էին: Այդ ժամանակ արդեն երկրում լրջագույն տնտեսական ճգնաժամ էր սկսվել: Բրձի պաշարները պակասում էին: Սովամահության էին դատապարտված ոչ միայն դաշտերում և ամբարտակներում աշխատող քաղաքացիները, այլև հենց իրենք գյուղացիները:

Իրականում, սակայն ռեժիմը բրնձի բավականին մեծ պաշար ուներ: Մինչ Կամբոջայի ժողովուրդը սովամահ էր լինում, կոմունիստական իշխանությունը բրինձն արտահանում էր: Մարդկային կյանքը Պոտի համար որևէ արժեք չուներ: Մարդկանց խոսքերով՝ Պոլ Պոտը չէր համարում, որ գնդակահարված մարդը կարող է անմեղ լինել:

Առաջնորդվելով իր գաղափարական հենքի զգալի մասը ապահովող ռասիզմով՝ Պոտն իր հաջորդ թիրախը դարձրեց Կամբոջայի ազգային փոքրամասնություններին:   Ազգային փոքրամասնություններից ամենամեծը չինացիներն էին, որոնց կեսը ոչնչացվեց Պոտի իշխանության տարիներին: Հարվածի տակ էին հայտնվել նաև մահմեդական փոքրամասնությունները: Սակայն ամենադաժան հարվածը ստացան վիետնամացիները: Էթնիկ վիետնամացիները դատապարտված էին մահվան: Կամբոջայում այդ ժամանակ տղամարդկանց հրամայված էր սպանել իրենց վիետնամուհի կանանց: Սպանվում էին վիետնամուհի կանայք և տղամարդիկ: Սպանվում էին վիետնամերեն խոսողները: Սպանում էին վիետնամացիներին նմանվողներին: Սիստեմատիկ քաղաքական մահապատիժների մեծ մասը տեղի էր ունենում Դունսլենգ կոչվող դպրոցի տարածքում: Դա իսկական մահվան համակենտրոնացման ճամբար էր:

Չորս տարվա ընթացքում այդ դպրոցում շուրջ 20 հազար մարդ սպանվեց: Սպանվում էին ծերեր, կանայք, երեխաներ: Սպանություններից առաջ նրանք խոշտանգումների էին ենթարկվում: Ընդհանրապես, երկրում այդ ժամանակ բանտարկյալն արդեն իսկ համարվում էր մեղավոր: Չէին գործում դատարանները, որոնք պետք է որոշեին արդյոք ձերբակալվածը մեղավոր է, թե ոչ: Ձերբակալվածներին սպասում էր մահապատիժ: «Կարմիր քմերները» հետագայում փորձեցին քողարկել իրենց հանցագործությունների հետքերը, սակայն ապարդյուն, քանի որ յուրաքանչյուր խոշտանգման գործողություն գրանցվում էր փաստաթղթերում: Դունսլենգում այդ ժամանակ գործում էր խոշտանգումների հատուկ սենյակ, որը կոչվում էր Ս-21: Տարբեր տարիների ընթացքում այդ սենյակում հայտնվեց ավելի քան 1000 մարդ: Վերջում կենդանի մնաց ընդամենը 7 մարդ: Տարբեր տվյալների համաձայն Պոլ Պոտի ռեժիմի զոհերի թիվը անցնում է 4 միլիոնը:

Հեղինակ՝ Դավիթ Ֆիդանյան

https://www.facebook.com/photo.php?fbid=2402034729845787&set=a.501083209940958&type=3&theater

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ