fbpx
Հասարակություն

ԱԺ հանձնաժողովի աշխատանքային նիստում քննարկվել է համացանցում ատելության խոսքի կարգավորման հարցը

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Անի Սամսոնյանի նախագահությամբ տեղի է ունեցել աշխատանքային նիստ՝ «Ատելության խոսքի կարգավորումը ՀՀ օրենսդրությունում» խորագրով: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից:

Քննարկմանը մասնակցել են համացանցային տիրույթի կարգավորմամբ և կառավարմամբ զբաղվող անձինք, փորձագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի պատվերով համացանցային տիրույթում ատելության խոսքի դեմ պայքարի կարգավորման ուսումնասիրություններ են կատարել փորձագետներ Արա Ղազարյանն ու Դավիթ Ասատրյանը: Զեկույցը պատրաստվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյանը նշել է, որ սա թեմայի վերաբերյալ երրորդ քննարկումն է: Նախորդ անգամ ներկայացվել են փորձագետների զեկույց-առաջարկները և քննարկվել վիրտուալ տիրույթի ինքնակարգավորման հնարավորությունները:

Փորձագետներն առաջարկել են հեռահաղորդակցության և սոցիալական ցանցերի օպերատորներին իրենց պայմանագրերում ամրագրել ատելության խոսքի վերաբերյալ դրույթ, ինչը պարտավորություն կստեղծի օգտատերերի մոտ՝ հետևելու սեփական վարքագծին: Դա կզարգացնի նաև մեդիագրագիտությունը:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացուցչի համար առաջարկն ընդունելի է եղել: Նա նաև կարծում է, որ ինֆորմատիկա առարկայով կարելի է մեդիագրագիտություն ուսանել:

Ոլորտի մասնագետների կարծիքով՝ նշյալ առաջարկը խնդիրներ կստեղծի օպերատորների համար, քանի որ վերջիններս պատասխանատու չեն բովանդակության համար. նրանք ապահովում են միայն անխափան կապը:

Փորձագետներն ընդգծել են, որ գործող պայմանագրերում առկա է ցանցային էտիկետ դրույթը, որը կարելի է վերաձևակերպել: Գործող դրույթի վերաձևակերպմանը համաձայնություն են տվել ոլորտի մասնագետներն այն պայմանով, որ օպերատորների վրա այլ պատասխանատվություն չի դրվելու և ապագայում մշտադիտարկում չեն իրականացնելու: Դրույթը պայմանագրում ամրագրվելու է միայն որպես տեղեկատվություն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ