Ավագ դպրոցները հավելյալ 1 մլրդ դրամ կստանան

Հրապարակել է՝

Միացեք մեզ՝
aRAYIK haRUTYUNYAN

Կառավարության որոշմամբ ավագ դպրոցների այս տարվա ֆինանսավորումն ավելացվել է շուրջ 1 մլրդ դրամով:

Այդ մասին մարտի 11-ին ասել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն՝ ավագ դպրոցների խնդիրներին նվիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

Գումարը հատկացվել է կրթության ոլորտի ֆինանսավորումից` այլ ծրագրերով նախատեսված աշխատանքների վերաբաշխման եւ տնտեսման հաշվին: Հատկացված հավելյալ միջոցները հնարավորություն կտան մեծացնել ավագ դպրոցների  ֆինանսավորման գործակիցը, որն առաջացել էր դեռեւս անցյալ տարվանից` գործակցի փոփոխության հետեւանքով:

«Կարծում եմ` այս որոշումից հետո ավագ դպրոցների տնօրենները կկարողանան լուծում տալ դպրոցներում կուտակված հարցերին»,-նշել է Արայիկ Հարությունյանը:

Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ ավագ դպրոցների հաստիքացուցակների ուսումնասիրության արդյունքում ի հայտ են եկել որոշ խնդիրներ: Նա նշել է, որ սահմանվելու է  հետեւողական եւ խիստ վերահսկողություն, որպեսզի ավելորդ, չհիմնավորված տեխնիկական հաստիքներով դպրոցների բյուջեները չծանրաբեռնվեն:

Առաջնահերթությունը, ըստ նախարարի, պետք է տալ դպրոցի բովանդակային բարելավմանը եւ կրթության որակի բարձրացմանը միտված աշխատանքներին:

Հաստատվել է 7 ավագ դպրոցների կապիտալ վերանորոգման ծրագիրը, որում ընդգրկվել են նորոգման առաջնային եւ հրատապ անհրաժեշտություն ունեցող դպրոցները: Միաժամանակ, Արայիկ Հարությունյանի խոսքով` նախարարությունը փորձում է լրացուցիչ միջոցներ ներգրավել դպրոցաշինության ոլորտում,  եւ այդ նպատակով այժմ աշխատանքներ են տարվում բարեգործական կազմակերպությունների հետ:

Անդրադառնալով բովանդակային բարելավման ծրագրերին, նախարարը նշել է, որ այս տարի ավագ դպրոցները ստանալու են շուրջ 300 նոր լաբորատորիաներ` հագեցած ժամանակակից սարքավորումներով:

Նախարարն անդրադարձել է նաեւ դպրոցների կառավարման խորհուրդների ձեւավորման եւ տնօրենների ընտրության խնդրին` նշելով, որ բոլոր խորհուրդները պետք է ձեւավորվեն օրենքներին համապատասխան, լինեն լեգիտիմ եւ կայացնեն դպրոցների զարգացմանը միտված որոշումներ: Զուգահեռաբար փոփոխություններ են կատարվելու խորհուրդների կազմավորման եւ տնօրենների ընտրության կարգերում:

Աղբյուրը՝ mediamax.am

Ամենաթարմ