fbpx
Երևան
14:30 17/12/2019

Ավագանու երեկվա նիստի ելույթներից հետո մենք պետք է ինչ-որ կերպ արձագանքեինք․ Մարուքյան

Եթե կուսակցության կառավարման խորհուրդը որոշի, որ Դավիթ Խաժակյանը պետք է դուրս գա ավագանուց, մենք կդադարենք ներկայացված լինել ավագանիում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ բացատրելով, թե ինչու է կուսակցությունը քննարկում Դավիթ Խաժակյանին Երևանի ավագանուց հետ կանչելու հարցը:

Նրա խոսքով՝ նախկինում էլ մի քանի անգամ նման գաղափար քննարկվել է։

«Երեկ նորից սկսել ենք քննարկել կուսակցության կառավարման խորհրդի մակարդակում «Լուսավոր Հայաստան» կուսակցության մասնակցությունը Երևանի ավագանիում վերամիաստավորելու հարցը, մեր մասնակցությունը քննարկելու հարց է առաջացել: Ինչպես գիտեք, ԼՀԿ-ն Երևանի ավագանիում ունի մեկ ներկայացուցիչ՝ Դավիթ Խաժակյանը, և եթե կուսակցության կառավարման խորհուրդը որոշի, որ Դավիթ Խաժակյանը պետք է դուրս գա ավագանուց, մենք կդադարենք ներկայացված լինել ավագանիում: Հետևաբար, որևէ պատասխանատվություն չենք կրի այնտեղ գործունեության համար»,-ասաց նա:

Մարուքյանը նշեց, որ բանն այն է, որ «Լուսավոր Հայաստանը» պատասխանատվություն է կրում ավագանիում «Լույս» խմբակցության գործունեության համար, որի վրա ազդեցություն չունի:

«Սա կարևոր հարց է. մենք հազարավոր նամակներ ենք ստանում. Կուսակցության մեդիա թիմը հետևում է հանրության արձագանքներին և համապատասխան զեկույցներ են ներկայացվում կառավարման խորհրդին: Քաղաքացիներին ուզում ենք ասել՝ մենք լսում ենք ձեզ, ձեր ձայները հասնում են մեզ և այո, մենք դրանից բխող բնականաբար քայլեր ենք քննարկում: Երևանի ավագանու երեկվա նիստի ելույթներից հետո մենք պետք է ինչ-որ կերպ արձագանքեինք: Սա այդ արձագանքն է, որը կունենա նաև որոշում կառավարման խորհրդի կողմից»,-նշեց նա։

Իր հերթին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն ասաց, որ «Լուսավոր Հայաստանն» ունի իր օրակարգը, հետևաբար, երբ կուսակցությունը գնահատում է, որ «Լույս» խմբակցությունը պարբերաբար շեղվում է կուսակցության գծից, պետք է կարողանա հասկանալ, թե որքանով է նպատակահարմար մեր մասնակցությունն այդ խմբակցությունում կամ ինչ ձևաչափով է նպատակահարմար շարունակել:

«Մենք պետք է պատասխանատվություն կրենք մի բանի համար, որի հետ կուսակցությունն ամբողջությամբ համաձայն է: Այս առումով, մենք պետք է քննարկենք, թե ինչ պետք է արվի այն պարագայում, երբ տեսնում ենք, որ պատասխանատվություն ենք կրում մի բանի համար, որը մեր կուսակցության օրակարգում ներառված չէ, և կուսակցությունը չունի ազդեցություն այդ վարքագծի համար»,-ասաց նա։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ