fbpx
Կառավարություն

Ավիացիա, գերճշգրիտ հրթիռներ, ռոբոտացված համակարգեր․ Զենքի գնումները՝ կառավարության ծրագրում

Գործադիրի այսօրվա նիստին ընդառաջ հրապարակվել է կառավարության ծրագրի նախագիծը, որի՝ պաշտպանական քաղաքականությանը վերաբերող բաժնում ընդհանուր գծերով ուրվագծվում են առաջիկա 5 տարիների համար զենքի գնումների վերաբերյալ կառավարության մտադրությունները։ Նշվում է, որ անձնակազմի մարտական վարպետության բարձրացման նոր չափանիշների սահմանմամբ՝ կառավարությունը միտված է զինված ուժերը համալրել`

  1. գերճշգրիտ հեռահար հրթիռային հարվածների համալիրներով,
  2. հրետանային խոցման համալիրներով,
  3. հակաօդային պաշտպանության արդի համալիրներով,
  4. բազմաֆունկցիոնալ ավիացիայով,
  5. ավտոմատացված ու ռոբոտացված օդային և վերգետնյա համակարգերով։

Այդպիսով, ըստ փաստաթղթի, ավելացվելու է անհրաժեշտ խորությամբ հետախուզության, զորաշարժի և կրակային խոցման հեռավորությունը, ճշգրտությունը և արդյունավետությունը:

«Անվտանգության ապահովման կարևորագույն բաղադրիչ է լինելու հայրենական ռազմական արդյունաբերության զարգացումը, ուշադրության կենտրոնում է մնալու տեխնիկական միջոցներով առաջնագծի հետևողական համալրումը և մարտական հերթապահության արդյունավետությունն ու անվտանգության բարձրացումը», – ասվում է նախագծում։

Կառավարության ծրագրի համաձայն՝ միջոցներ են ձեռնակվելու, որ զինված ուժերի կառավարման համակարգը լինի առավելապես ավտոմատացված, ունենա ժամանակակից ռազմական գործողություններ վարելու համար բավարար օպերատիվություն, կենսունակություն, շարժունակություն և տեխնոլոգիական գերակայություն ու հագեցվածություն, ինչպես նաև կիբերպաշտպանության ապահովման համար անհրաժեշտ կարողություններ, առաջնորդվի նախաձեռնողականության, արագ կողմնորոշվելու, որոշումներ կայացնելու և գործելու խթանմանը միտված «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» կառավարման ու ղեկավարման սկզբունքով:

Ըստ փաստաթղթի՝ կառավարությունը կյանքի է կոչելու արժանիքների վրա հիմնված և կրթական չափորոշիչների հետ փոխկապակցված ծառայողական առաջխաղացման քաղաքականությունը և զարգացնելու է պրոֆեսիոնալ սերժանտական համակարգը:

Նախատեսվում է էականորեն բարելավել զինված ուժերի անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստվածության մակարդակը, կարգապահությունը, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությունը, բացառել ոչ կանոնադրային հարաբերությունների դեպքերը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ