fbpx
Խորհրդարան

Ավտոներկրողների արտոնությունները չեն երկարացվի․ հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց

ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը ներկայացրեց, որ օրինագծով նախատեսվում է երեք տարով հետաձգել ԱԱՀ վճարումը ավտոմեքենա ներկրողների համար մինչև 2023 թվականի հունվարի 1-ը։

Նրա խոսքով՝ վերջին երկու տարում ոլորտը բուռն աճ է գրանցել։

«Դա հանգեցրել է խառը՝ անվադողերի, յուղերի, պահեստամասերի շուկաների զարգացմանն ու ընդլայնմանը»,- նշել է Բաղդասարյանը։

Պատգամավորը նաև հիշեցրել է, որ ԵՏՄ երկրների քաղաքացիների կողմից մեքենաներ գնելը անուղղակիորեն ազդել է հանրային սննդի և հյուրանոցային բիզնեսի զարգացման վրա, և մեքենաների վաճառքի ու վերավաճառքի արդյունքում ի հայտ են եկել խոշոր հարկատուներ։ «Ներկրվող մեքենաները կարելի է պայմանականորեն բաժանել 3 խմբի՝ նոր, միջին տարիքի (մինչև 10 տարեկան) և հին (ավելի քան 10 տարեկան)։ Այս օրինագծով առաջարկում ենք հնարավորություն տալ շարունակել այն մարդկանց աշխատանքը, ովքեր զբաղվում են երկրորդ կարգի ներմուծմամբ»,- պարզաբանել է պատգամավորը։

Հայաստանի ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն իր հերթին դեմ արտահայտվեց այս նախաձեռնությանը՝ բացատրելով, որ աշխարհի այլ երկրներում տարբեր տոկոսադրույքներ են գործում միայն առաջնային նշանակության ապրանքների՝ հացի, դեղերի, աղի և այլնի համար։

«Բացի այդ, դրանից պետք է շահի սպառողը, իսկ այս դեպքում շահում է ներկրողը»,- ընդգծեց Պողոսյանը՝ հավելելով, որ այդ դեպքում կխախտվեն Հայաստանի պարտավորությունները միջազգային ասպարեզում, ինչպես նաև կնվազեն հարկային մուտքերը։

Խորհրդարանական հանձնաժողովի ներկայացուցիչ, կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Բաբկեն Թունյանն իր հերթին հիշեցրեց, որ ավտոմեքենաները Հայաստանում հիմնականում գնել են ղազախստանցիները։

«Հիմա դուք առաջարկում եք վաստակել արտոնությունների տրամադրման հաշվին։ Այսինքն՝ ԵՏՄ անդամներին պետք է ասենք՝ «փակեք ձեր աչքերը» և մեզ վաստակելու հնարավորություն տվեք, իսկ դուք եկեք ու վերցրեք հայկական համարներով մեքենա՞ն»,-դժգոհել է Թունյանը՝ նման գործողություններն անվանելով անբարեխիղճ մոտեցում գործընկերների հանդեպ։

Բավական երկարատև քննարկումներից հետո խորհրդարանական պրոֆիլային հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց այս օրինագծին։

Հիշեցնենք, որ 2020 թվականից Հայաստանում ուժի մեջ է մտել ԵՏՄ կանոնակարգը, որն արդեն 5 տարի գործում է միության մյուս երկրներում։ Դրա արդյունքում մաքսատուրքերը երրորդ երկրներից ներկրվող մեքենաների համար էապես բարձրացել են։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ