fbpx
Հասարակություն

Աղետի գոտուն 3 միլիարդ դրամ տրամադրելը մեծ արդյունքներ չի տալու. «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ

Կառավարության որոշմամբ՝ 3 մլրդ դրամ է տրամադրվել 1988 թվականի երկրաշարժի գոտում առկա խնդիրների լուծման համար։ Այսօր Tert.am-ի հետ զրույցում «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը ասաց, որ տրամադրված գումարը պետք է խելամիտ ծախսել, որ գոնե խնդիրների 3-5 տոկոսը լուծվի։

«Բայց աղետի գոտու խնդիրներն այնքան շատ է․ պատկերացրեք, որ նոր հաշվարկներով՝ մոտ 8000 տնակ կա, միայն Գյումրիում մոտ 90 վթարային շենք կա։ Գումարն իրականում փոքր է, լավ է, որ գումար են տրամադրել, բայց հիմնականում այն ծախսվելու է շահառու ընտանիքների՝ գյուղերում բնակարաններ ձեռք բերելուն համար»,- ասաց նա և հավելեց, որ վարչապետի կողմից դեռ շահառու ճանաչված ընտանիքներ չկան։

Թումասյանի կարծիքով՝ շահառու ընտանիքներին գումար տրամադրելը խնդիր չի լուծի։ Պետությունը պետք է շուկայում առկա բնակարաններ գնի, վերանորոգի և տրամադրի ընտանիքներին։

Նա նշեց, որ Գյումրիում 4 վթարային շենք են փորձելու վերանորոգել, որտեղ մոտ 120 ընտանիք է ապրում, մինչդեռ Գյումրիում ամենաքիչը վթարային շենքերում և տնակներում ապրող 3000 ընտանիք կա։ «Փաստացի, նրանք անօթևան են, սակայն տարբեր պատճառներով կամ կառավարության համապատասխան ծրագրերի բացակայության պատճառով շահառու չեն ճանաչվել»,- ասաց Վահան Թումասյանը։

«Վարչապետը հիմա հիմնականում խոսում է պետության կողմից շահառու ճանաչված ընտանիքների մասին, բայց որպեսզի այդ ընտանիքների համար պետությունը պարտավորվածություն ստանձնի, պետք է փաստաթղթային ձևակերպում տալ։ Հիմա, եթե այդ գործողություները չես արել, ինչպե՞ս ես հայտարարում, որ պետության կողմից շահառու ճանաչված ընտանիք չկա, եթե չես ճանաչել, ինչպե՞ս ճանաչվեն»,- նշեց «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահը։

Նրա խոսքով՝ աղետի գոտու խնդիրների լուծման ցանկությունը պետք է միշտ լինի կառավարության մոտ, սակայն 3 մլրդ դրամը ծախսելու համար արդյունավետ ձևեր են պետք։ «Կարծում եմ՝ 3 մլրդ դրամը մեծ արդյունքներ չի տալու։ Ամեն դեպքում, լավ է, որ աղետի գոտու խնդիրը կարևորել են։ 3 մլրդ դրամ աղետի գոտուն հատկացնելը նոր կառավարության առաջին քայլն է, բայց այդ քայլի վրա շատ սովորելու ու ուղղելի բաներ կան»,- ամփոփեց նա։

Աղբյուրը՝ Tert.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ