fbpx
Մարզեր

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ՝ ծանոթացել մարզի մի քանի համայնքներում պետական բյուջեի, սուբվենցիոն ծրագրերի և մասնավոր ներդրումների շրջանակում իրականացվող և արդեն ավարտված ծրագրերին:

Վարչապետը այցելել է խոշորացված Փարաքար համայնք, որտեղ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակում ՀՀ պետական բյուջեի միջոցներով և Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ կառուցվում է Պտղունքի միջնակարգ դպրոցը: Դպրոցի շենքում շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է դպրոցի նախագծին, իրականցված և ընթացիկ շինարարական աշխատանքներին: Պատասխանատուների ներկայացմամբ` 240 աշակերտի համար նախատեսված 2981քմ ընդհանուր մակերեսով երկհարկանի դպրոցի շինարարական աշխատանքներն սկսվել են 2020թ., ավարտը նախատեսվում է ընթացիկ տարվա վերջին: Աշխատանքների 70 տոկոսն արդեն ավարտվել են: Ծրագրի արժեքն է 975 մլն դրամ:

վարչապետը հարգանքի տուրք է մատուցել 2016թ. զոհված զինծառայող Սևակ Խաչատրյանի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով հուշարձան-խաչքարին:

Վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Երասխահուն համայնքում, որտեղ զրուցել է բնակիչների հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին ու պատասխանել մի շարք հարցերի: Վարչապետը գյուղացիներից հետաքրքրվել է նրանց զբաղվածությամբ, գյուղատնտեսական աշխատանքներից, մանկապարտեզի, դպրոցի առկայությամբ: «Հանրապետությունում 300 դպրոց, 500 մանկապարտեզ ենք կառուցելու: Այդ ծրագիրը ձեր գյուղ էլ կհասնի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով, որ Հայաստանի գյուղերում դպրոցները, մանկապարտեզները լինեն ամենաբարձր մակարդակի:

Գյուղացիները հոսանքի, ենթակայանի հարց են բարձրացրել: «Ցավոք, միանգամից չենք կարող: Հերթով բոլոր հարցերը լուծելու ենք: Վստահ եղեք, որ անընդհատ զբաղվում ենք համայնքների հարցերով, ամեն ինչ անում ենք, որ ժողովուրդը համայնքներում կոնկրետ փոփոխություն զգա: Բայց մեր առաջին հարցը, որ պետք է լուծենք, երեխաների հարցն է՝ դպրոց, մանկապարտեզ, ճանապարհ, ջուր…»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Երասխահունում ևս կառավարության ղեկավարը հարգանքի տուրք է մատուցել 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին՝ ծաղիկներ դնելով ու խոնհարհվելով նրանց շիրիմներին:

Արմավիր կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետն այցելել է նաև Արմավիր համայնք: Այստեղ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Արմավիր քաղաքի վերակառուցված մարզադաշտի պայմաններին: Կառավարության ղեկավարին զեկուցվել է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջոցներով վերակառուցվել է 1980թ. հիմնադրված Արմավիրի մարզադաշտը, որը համարվել է Հայաստանի խոշոր մարզադաշտերից մեկը և տարողությամբ 3-րդ մեծագույն մարզադաշտն է հանրապետությունում: 3100 հանդիսական տեղավորող մարզադաշտի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2018թ. և ամբողջությամբ ավարտված են: Կից գործում են արհեստական խոտածածկով 4 փոքր դաշտեր: Մարզադաշտի բացումը տեղի է ունեցել 2021թ. նոյեմբերի 30-ին: Ծրագրի արժեքն է 688 մլն դրամ:

Այս համայնքում վարչապետին ներկայացվել է նաև ջրամատակարարման և ջրահեռացման բաշխիչ ցանցերի վերանորոգման և անհատական ջրաչափերի տեղադրման աշխատանքների ընթացքը: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) «Համայնքային ենթակառուցվածքների II ծրագիր, փուլ 3-Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածք ծրագրի» շրջանակում՝ Վերականգնման վարկերի բանկի (ՎՎԲ/KfW), Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) վարկային և ՀՀ կառավարության միջոցներով: Կառավարության ղեկավարին զեկուցվել է, որ աշխատանքները մեկնարկել են 2021թ., արդեն հիմնանորոգվել է 12կմ երկարությամբ բաշխիչ ցանց: Աշխատանքների ավարտը նախատեսվում է 2023թ.: Ծրագրի արժեքն է 1 մլրդ 800 մլն դրամ:

Վարչապետի հաջորդ կանգառը եղել է Բաղրամյան համայնքում: Այստեղ կառավարության ղեկավարը նախ ծանոթացել է «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցման ծրագրի» շրջանակում Արգինայի միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքներին: Պատասխանատուների ներկայացմամբ, 100 աշակերտի համար նախատեսված և 360քմ ապաստարան ունեցող դպրոցի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել ընթացիկ տարվա դեկտեմբերին: Ծրագրի արժեքն է 680 մլն դրամ: Միջոցները տրամադրվել են ՀՀ պետական բյուջեից: Արդեն իսկ իրականացվել է աշխատանքների 70%-ը:

Իրականացված աշխատանքների արդյունքում մի քանի արտադրամաս և չորանոց ունեցող գործարանի գործարանի արտադրողականությունը և արտադրանքի որակը կտրուկ աճել է: Պատասխանատուների ներկայացմամբ, ի թիվս բազմատեսակ պահածոների և չրերի, շուկայում ներկայացվում են նաև չորացված համեմունքներ, ինչպես նաև կիսաֆաբրիկատներ և խյուսերի տեսականի: Արտադրանքը հայտնի է ինչպես հայաստանյան սպառողին, այնպես էլ ՌԴ և եվրոպական մի շարք երկրներում։ Սեզոնին գործարանում աշխատողների թիվը կազմում է 120-150։ Ապագայում նախատեսվում է ընդլայնել արտադրական հնարավորությունները, հիմնել սառնարանային տնտեսություն, որը կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը։ Ընկերության ղեկավարները շնորհակալություն են հայտնել վարչապետին՝ կառավարության աջակցության և հարկային բարենպաստ քաղաքականության համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ