Հասարակություն

Այլևս ոչ թե ՀՀ ինքնիշխանությունն է կարևոր, այլ ՀՀ իշխանությունը պահելը կամ ստանալը, հա՞․ Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Facebook-ի իր էջում գրել է․

«Առանց ինքնիշխանության, առանց ժողովրդավարության, առանց մարդու արժանապատվության ապահովման, իշխանության իմաստը՞…

Կարող է որևէ մեկը բացատրել ի վերջո ՀՀ-ում գործո՞ւմ է ՀՀ սահմանադրության անփոփոխելի հանդիսացող 1-ից 3 հոդվածները․

Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:

Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեuված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:

Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է:

Հոդված 3. Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները
Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:

Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:

Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:

Թե՞ արդեն ՀՀ սահմանադրությունը փոխարինվել է եռակողմ Հայտարարությամբ, և այլևս ՀՀ սահմանադրական կարգի հիմքը որոշվում է եռակողմ Հայտարարության տեքստով և այդ տեքստի հեղինակի Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի ցանկությամբ։

Այլևս ոչ թե ՀՀ ինքնիշխանությունն է կարևոր, այլ ՀՀ իշխանությունը պահելը կամ ստանալը, հա՞…

Բայց եթե ինքնիշխանությունը երաշխավորված չէ, ապա ինչի համար է պետք իշխանությունը»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ