fbpx
Քաղաքականություն

Այնպես չէ, որ իրավաբանները սկսելու են «Ոչ»-ի քարոզչություն իրականացնել․ Արսեն Բաբայան

Մենք խոչընդոտ չենք ստեղծում, մենք հակառակը՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության գործընթաց ենք սկսել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով հարցին, թե «ՈՉ»-ի խումբը արդյոք «իրավական խոչընդոտ» չի ստեղծի հանրաքվեի համար, ինչպես հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ «Ոչ»-ի կողմի ձևավորումը նպատակ ունի, որ հանրաքվեն լինի ավելի արդյունավետ, ավելի վերահսկելի։

«Խոչընդոտ կլիներ, եթե, օրինակ, չձևավորվեր «Ոչ»-ի կողմը։ Իհարկե իրավական առումով ոչ մի խոչընդոտ չէր ստեղծի, բայց «Ոչ»-ի կողմի ձևավորումը նպատակ ունի, որ հանրաքվեն լինի ավելի արդյունավետ, ավելի վերահսկելի»,-ասաց նա։

Հարցին՝ «ՈՉ»-ի խումբը արդյո՞ք չի լեգիտիմացնում հանրաքվեն, Բաբայանը պատասխանեց, որ հանրաքվեն հակաօրինական և հակասահմանադրական է, իրենք դրա մասին բազմիցս ասել են,

«Հանրաքվեն արդեն փաստ է, հիմա դա լեգիտիմացվում է, թե չի լեգիտիմացվում, մեծ հաշվով էական չէ, որովհետև արդեն նշանակվել է հանրաքվե։ Այս տրամաբանությամբ էլ մենք համոզված ենք, որ հանրաքվեում անհրաժեշտ է, որ «Ոչ»-ի կողմը լինի հանրային պաշտպանության տակ»,-հավելեց Բաբայանը։

Նա, սակայն, շեշտեց, որ փաստացի «Ոչ»-ի կողմը իրենք չեն։

«Խնդրում եմ՝ մեզ քաղաքական ուժերի հետ չդիտարկել։ Համագործակցություն կլինի բոլոր ցանկացողների հետ, որոնք «Այո»-ից տարբերվող կարծիք կունենան և կունենան դա արտահայտելու անհրաժեշտություն։ Փաստացի «Ոչ»-ի կողմը մենք չենք։ Մենք՝ որպես հանրային պաշտպանության խումբ, առանձնապես քարոզչություն չենք իրականացնելու։ Այս նախաձեռնությանը միացած իրավաբաններն այնպես չէ, որ սկսելու են «Ոչ»-ի քարոզչություն իրականացնել։ Մենք հարթակ ենք տալու բոլոր նրանց, որոնք «Այո»-ից տարբերվող կարծիք կունենան»,-ասաց նա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ