Այս շաբաթ Հայաստան են ժամանելու ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«ԵԽԽՎ-ում «ՀՀ կողմից ստանձնած պարտավորությունների գնահատման» հարցի շուրջ համազեկուցողներ Յուլիա Լովոչկինան (Ukraine, SOC) և Անդրեյ Շիրցելը (Slovenia, EPP/CD) փաստահավաք այցով կժամանեն Երևան և հանդիպումներ ու քննարկումներ կանցկացնեն մարտի 12-14-ն ընկած ժամանակահատվածում:
Քննարկումների շրջանակում առանցքային կլինեն վերջին ներքաղաքական զարգացումները և նոր ձևավորված կառավարության գերակայությունները, ինչպես նաև ժողովրդավարական և սոցիալական բարեփոխումները:
Համազեկուցողները նախատեսում են ունենալ հանդիպումներ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի, ինչպես նաև արտաքին գործերի, արդարադատության և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների հետ:
Հանդիպումներ են նախատեսված Գլխավոր դատախազի, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի նախագահի, Մարդու իրավունքների պաշտպանի, Հատուկ քննչական ծառայության պետի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:
ՀՀ ԱԺ-ում համազեկուցողները նախատեսում են հանդիպել Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, Պետաիրավական մշտական հանձնաժողովների նախագահների հետ, ինչպես նաև այցի շրջանակներում նախատեսվում են անհատական հանդիպումներ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ»: