Մարզեր
10:15 28/10/2019

Այս երկրին շատ են Վազգեններ պետք. Գարիկ Սարգսյանի գրառումը՝ Վազգեն Սարգսյանի մասին

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Ուղիղ 35 ամիս առաջ՝ 2016թ. նոյեմբերի 27֊ին, Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում տեղի ունեցավ իմ և կնոջս պսակադրությունը։ Ինչու՞ հենց Եռաբլուրի եկեղեցում, որովհետև դրանից 4 տարի առաջ՝ 2012թ. հոկտեմբերի 27֊ին, Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին խոստացել էի, որ եթե ամուսնանամ, ապա պսակադրությունս Եռաբլուրում է լինելու։

Շուշին ազատագրելուց առաջ Վազգենը Կոմանդոսին խոստացել էր, որ եթե ամեն ինչ բարեհաջող ավարտվի, ապա ինքը կամուսնանա, դրա համար էլ օպերացիան անվանվել էր <<Հարսանիք լեռներում>>։ Վազգենը իր այդ մի խոստումը չկարողացավ պահել, քանի որ իր կռիվը դեռ չէր ավարտվել, մեր հայրենիքը վերջնականապես ազատագրված չէր, թե՛ արտաքին և թե՛ ներքին թշնամուց։

Չնայած այն հանգամանքին, որ Սպարապետը չամուսնացավ և ժառանգներ չունեցավ, նա մեզ ժառանգեց մեր անվտանգության ամենակարևոր երաշխավորին՝ Հայոց հաղթանակած բանակին։ Արտաքին թշնամին վաղուց հաշվի է նստել այն իրողության հետ, որ Վազգենի ոգով դաստիարակված բանակի հետ պետք չէ կատակ անել, իսկ ներքին թշնամին իր արժանի պատիժը կրելու ճիշտ ճանապարհին է։

Իսկ այսօր ես խոստանում եմ մեկ այլ բան, եթե արու զավակ ունեցա՝ անունը Վազգեն եմ դնելու, ինքը մեծանալու և դաստիարակվելու է Վազգենի ոգով։ Սա նվազագույնն է, որ մենք պարտավոր ենք անել՝ Վազգենի կիսատ թողած գործը շարունակելու համար։ Եվ ինչպես ինքն էր ասում. ‹‹Այս երկիրը բառերով սիրելու երկիր չէ, ոչ էլ հեռադիտակով դիտվող երկիր է, սա համընդհանուր սիրո երկիր է, որի մայրաքաղաքը սկսվում է հենց խրամատից››:

Այս երկրին շատ են Վազգեններ պետք»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ