fbpx
Արցախ
19:10 12/08/2019

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Սաշա Գալստյանի ծննդյան օրն է

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Սաշա Գալստյանի ծննդյան օրն է. նա կդառնար 23 տարեկան:

Սաշա Գալստյանը ծնվել է 1996 թ.-ին, Արմավիր քաղաքում՝ Սոֆի և Վաչագան Գալստյանների ընտանիքում։

2003 թ.-ին սովորել է Մեծամոր քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցում, այնուհետև 2004 թ.-ին տեղափոխվել է նույն քաղաքի Նարեկացու անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը, որն ավարտել է 2012 թ.-ին։ Նույն տարում ընդունվել և գերազանցության վկայականով 2014 թ.-ին ավարտել է Արմավիրի պետական բժշկական քոլեջը՝ ձեռք բերելով ատամնատեխնիկի մասնագիտություն:

2014 թ.-ին ընդունվել է Երևանի Հայ Բուսակ բժշկական համալսարանի 3-րդ կուրսի ստոմֆակ բաժինը։ Զբաղվել է սպորտով, հաճախել համակարգչային ուսուցման կենտրոն և անգլերենի դասընթացների։

Սաշա Գալստյանը 2015 թ.-ի հունվարի 14-ին զորակոչվել է բանակ։ Ծառայության 14 ամիսների ընթացքում արժանացել է բազմաթիվ խրախուսանքների, ստացել կրտսեր սերժանտի, ապա սերժանտի կոչում։

2016 թ.-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է գործում Արցախի վրա։ Սաշան ապրիլի 1-ին բարձրացել էր դիրքեր և նույն օրվա գիշերը ժամը 04:30-ի սահմաններում տեղի է ունեցել հարձակումը։ Ադամ Սահակյանը կապ հաստատելով հրամանատարի հետ, զեկուցում է որ հակառակորդը բավականաչափ մոտեցել է և հրամանատարը անցնում է Ադամի դիրք։ Մարտական գործողությունների ողջ պատասխանատվությունը իր վրա վերցնելով՝ 4 անդամից բաղկացած սահմանապահ ուժերը դիրքի ավագ Սաշա Գալստյանի գլխավորությամբ անցնում են հարձակման։ Սաշան 4-5 ժամ թեժ պայքար մղելով թշնամու դեմ, մեծ կորուստներ է հասցնում և զոհվում հակառակորդի դիպուկահարի գնդակից։

2016 թ.-ի ապրիլի 7-ին ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի կողմից մերօրյա հերոսը հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական ծառայություն» պետական մեդալով։

2016 թ.-ի մայիսի 4-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է ՀՀ «Արիություն» պետական մեդալով։

2016 թ.-ի օգոստոսի 12-ին Ղարաբաղյան պատերազմի վետերանների կողմից պարգևատրվել է «Հայրենիքի պաշտպանության» մեդալով։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ