fbpx
Գիտություն

22:10 15/5/2019

Այսօր աշխարհահռչակ ֆիզիկոս Պիեռ Կյուրիի ծննդյան օրն է

Այսօր՝ մայիսի 15-ին, աշխարհահռչակ ֆիզիկոս Պիեռ Կյուրիի ծննդյան օրն է։ Ֆիզիկոսը ծնվել է 1859 թվականին Փարիզում։

Կյուրին ավարտել է Փարիզի համալսարանը (1877)։ 1882-1904 թվականներին աշխատել է Փարիզի ինդուստրիալ ֆիզիկայի և քիմիայի դպրոցում։ 1904 թվականին դարձել է Փարիզի համալսարանի պրոֆեսոր։

Ֆիզիկոսի աշխատանքները վերաբերում են բյուրեղաֆիզիկային, մագնիսականությանն ու ռադիոակտիվությանը։ Եղբոր՝ Պոլ ժան Կյուրիի հետ հայտնագործել և հետազոտել է պյեզոէլեկտրականության երևույթը (1880)։ Ուսումնասիրել է (1884—1885) բյուրեղների սիմետրիայի հարցերը (ձևակերպել է, այսպես կոչված, Կյուրիի սկզբունքը) և առհասարակ սիմետրիայի պրոբլեմը ֆիզիկայում (1894)։

Կյուրին սահմանել է պարամագնիսական նյութերի մագնիսական ընկալունակության կախումը բացարձակ ջերմաստիճանից (Կյուրիի օրենք) և հայտնաբերել Կյուրիի ջերմաստիճանը (Կյուրիի կետը), որից բարձր ֆեռոմագնիսական նյութերը վերածվում են պարամագնիսական նյութերի։

Կնոջ՝ Մարիա Սկլոդովսկայա-Կյուրիի հետ ուսումնասիրել է ռադիոակտիվության երևույթը, հայտնագործել պոլոնիումը և ռադիումը (1898), պարզել ռադիումի ճառագայթման բարդ բաղադրությունը։ 1903 թվականին Պիեռ Կյուրին հայտնաբերել է ռադիումի աղերից ջերմության ինքնակամ անջատումը։ Հետազոտել է նաև ռադիոակտիվության կենսաբանական ազդեցությունները։

Կյուրին 1903 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի։

Ֆիզիկոսը մահացել է 1906 թվականին Փարիզում ավտովթարի հետևանքով։

Վերեվ